Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի ՊԿ փոխնախագահ

Մանրամասներ
ռդ

Ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն):

«Քաղաքացիական բնակչությանը հաջողվել է փրկել, նրանց օգնել են և՛ տարհանման ժամանակ, և՛ բուժում տրամադրելու, և՛ ջրով ու սննդով ապահովելու հարցերում։

Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ ավարտված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները տուն վերադառնան»,- ասել է Ժուրավլյովը։

Պատգամավորը նշել է, որ խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմեր չկան, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։

«Ռուսական զորակազմն անհրաժեշտ էր այն ժամանակ, երբ հակամարտությունը շարունակվում էր:

Այն կարևոր դեր է խաղացել, որպեսզի 2023 թվականին այնտեղ լայնածավալ արյունահեղություն տեղի չունենա՝ կանգնելով պատերազմող բանակների միջև: Ավելին, երբեմն դա հաջողվում էր միայն մեր զինվորականների կյանքի գնով՚ հիշում ենք, որ եղել է մի քանի զոհ ու վիրավոր»,- ընդգծել է նա։

Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։

«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել Ադրբեջանի տարածքում չակերտները՝ ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների՝ մեր երկրի տարածքից վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։