Գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների. Հայկ Մարության

Մանրամասներ
հայկ մարության

Եթե «Հանրային ձայնից» նույնիսկ ավագանու մեկ անդամ գնա և ներկա գտնվի նիստին, ապա նիստը կկայանա, և քաղաքապետ կընտրվի իշխանական թեկնածուն: Այս մասին ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նա ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ որոշել է գնալ Երևանի ավագանու նոր ընտրությունների:

Մարությանն ասաց, որ «Հանրային ձայն» կուսակցությունն ունի 7 մանդատ, որոնցից առաջին երկուսը` Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը, չեն կարող ներկա գտնվել ավագանու առաջին նիստին. Արտակ Գալստյանը կալանքի տակ է, Տիգրան Ուրիխանյանը՝ հետախուզման մեջ:

Մարությանն ասաց, որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 ձայնն այլևս չկա, ուստի ընդդիմադիր քաղաքապետ չի կարող ընտրվել, քանի որ «Հանրային ձայնի» 7 ձայնի փոխարեն փաստացի ավագանու նիստին լինելու է 5 ձայն:

Մնում է մեկ տարբերակ` գնալ ավագանու նոր ընտրությունների: «Դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նիստին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին»,- ասաց Մարությանը՝ տեղեկացնելով, որ «Մայր Հայաստան» դաշինքը ևս ներկա չի գտնվելու նիստին, որ քվորում չապահովվի:

Մարությանն ասաց, որ սպասում են «Հանրային ձայն» կուսակցության արձագանքին: