Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն: Բացմանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ղեկավարի տեղակալ Յան Պլեշինդերը:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ, ըստ ԵՄ առաքելության պլանի՝ Հայաստանում պետք է 6 գործառնական կենտրոն ստեղծվեր, և որ այսօր ևս մեկ քայլով մոտեցել են դրան:
«Երբ 2023-ի փետրվարին նոր սկսում էինք մեր աշխատանքը, ընդամենը 2 մշտական անդամ ունեինք և այլ առաքելություններից ներգրավված ներկայացուցիչներ: Եվ այժմ հպարտ եմ ասել, որ 103 նախատեսված դիտորդից մոտ 90-ն արդեն ներգրավված են, և նրանք գործում են արդեն բացված 4 կենտրոնում»,- ասել է Մարկուս Ռիտերը:
Ըստ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի՝ Կապանից հետո մտադիր են բացել կենտրոններ Իջևանում և Եղեգնաձորում:
«Հաշվի առնելով ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ Կապանում գտնվող այս կենտրոնը կարևոր է ԵՄ առաքելության մանդատի տեսանկյունից: Եվ այս կենտրոնը թույլ կտա, որ Սյունիքում և Կապանում անվտանգության իրավիճակի մասին զեկուցենք ավելի կանոնավոր:
Այստեղ մեր գտնվելը թույլ կտա կրճատել մեր դիտորդների երթևեկության ճանապարհը, որովհետև մինչև հիմա մենք կենտրոնացած էինք Գորիսում»,- ասաց նա և հավելեց, որ առաքելության՝ Կապանում գտնվելը կնպաստի խաղաղության գործընթացին, կկարողանան բնակչության շրջանում բարելավել անվտանգությունն ու ապահովության զգացումը:
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալը պատմեց, որ երբ անցած տարի՝ 2022-ի հոկտեմբերին, առաջին անգամ եկել է Կապան, չի պատկերացրել, որ առաքելությունը երկարատև կլինի: Նրա խոսքով՝ Կապանի կենտրոնի բացումը Հայաստանի հանդեպ ԵՄ ստանձնած պարտավորության մի մասի իրականացման ապացույցն է:
«Իրավիճակն այստեղ շրջանում այնքան էլ հեշտ չէ: Եվ այստեղ առաջատար գործառնական կենտրոնի բացումը կնպաստի, որպեսզի մենք կարողանանք դիտարկել, վերահսկել իրավիճակը սահմանային գոտում: Եվ, հետևաբար, մեր շրջանին կբերի ավելի շատ կայունություն, ապահովություն, խաղաղություն»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Սյունիքում եվրոպական մի շարք երկրների հետ սկսում են նախաձեռնություն, որը կոչվում է «Թիմ Եվրոպա», որի շրջանակում արդեն իսկ գրեթե 42 նախագիծ է իրականացվել, որի արժեքը մոտավորապես 116 միլիոն եվրո է, և որ այդ առաջատար կենտրոնի բացումը Սյունիքի բնակչությանը հավելյալ աջակցություն է:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, կարևորելով գրասենյակի բացումը, նշեց, որ այն ուղղակիորեն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Դիտորդական առաքելության ներկայությունը մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքի այս հատվածում, ինչպես նաև կայունություն կարող է բերել սահմանի ողջ երկայնքով:
Ես մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կկատարի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, որ ապրում է այստեղ, և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա, որովհետև շատ կարևոր է նաև Սյունիքի մարզում ապրող ժողովրդի համար, որ առկա է ԵՄ դիտորդական առաքելություն, որ կարող է տեղում գնահատել իրավիճակը և, բնականաբար, համապատասխան զեկույցներ ներկայացնել, ինչին էլ կհետևեն համապատասխան գործողություններ:
Վստահ եմ՝ այս առաքելությունը ի վերջո բերելու է վերջնական կայունության և անվտանգության, որը, իհարկե, խաղաղությունն է»,- ասաց մարզպետը:
0Comments