Պեկինը մերժել է Վաշինգտոնի առաջարկը Սինգապուրում պաշտպանության նախարարների հանդիպման մասին

Մանրամասներ

Չինաստանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ հունիսի 2-4-ը Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումի շրջանակներում երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:

«ՉԺՀ-ն անսպասելիորեն տեղեկացրել է ԱՄՆ-ին այն մասին, որ մերժում է մայիսի սկզբին պաշտպանության նախարար Օսթինի` Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուին արված առաջարկն այս շաբաթ Սինգապուրում հանդիպելու վերաբերյալ», – ասվում է հրատարակության համար արված Պենտագոնի հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի գրասենյակն այդ մերժումը որակել է որպես ռազմական շփումներին մասնակցելու՝ «անհանգստություն առաջացնող դժկամություն»:

Իր հերթին CNN-ը հաղորդում է, որ ըստ Պենտագոնի՝ այս մերժումը ԱՄՆ-ին չի ստիպի հրաժարվել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև հաղորդակցության ավելի լավ ուղիներ ունենալու ձգտումից:

Ըստ CNN-ի՝ մեկնաբանելով այս տեղեկությունները՝ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը կասկածի տակ է դրել ամերիկյան կողմի հրավերի անկեղծությունը և հիշեցրել է Չինաստանի պաշտոնյաների, կառույցների և ընկերությունների հանդեպ ամերիկյան պատժամիջոցների մասին:

ԱՄՆ-ն Լի Շանֆուի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2018 թ.-ին, երբ նա Չինաստանի ռազմական գերատեսչությունում պատասխանատու էր ռազմական գնումների համար. նրա օրոք Պեկինը ռուսական զինատեսակներ էր ձեռք բերել, այդ թվում Սու-35 մարտական ինքնաթիռներ և Ս-400 զենիթահրթիռային համակարգ:

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են երկու երկրների միջև ռազմական շփումների վերսկսման հարցում իրենց շահագրգռվածության մասին: Կողմերի միջև շփումներն ընդհատվել են այն բանից հետո, երբ 2023 թ.-ի փետրվարին ԱՄՆ-ն իր տարածքում խոցեց չինական օդապարիկը։