Հայաստանում կամավորական շարժման գործունեությունը կկարգավորվի օրենսդրական մակարդակով։ Այս մասին Ազգային ժողովում, թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ մայիսի 10-ին ասել է հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Նման փորձեր, ըստ նրա, առաջ էլ են արվել՝ 2006-ին, 2010-ին, 2015-ին եւ 2017-ին։ «Այնուամենայնիվ, մեզ այդպես էլ չի հաջողվել հասնել վերջնական արդյունքի։ Մենք չունենք իրավական ակտ, որը կլուծեր կամավորական շարժման խնդիրները։ Փաստորեն, նման օրենք մեր երկրում ընդունվում է առաջին անգամ»,- ասել է Սարգսյանը։
Հանրապետությունում, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, գործում է մոտ 124 պետական կառույց, որոնք ունեն կամավորական ծառայություններ օգտագործելու իրավունք։ Հիմնական պայմաններից մեկը պայմանագրի ստորագրումն է, որում սահմանվելու են կամավորականների ներգրավման պայմաններն ու մանրամասները, ինչպես նաեւ երաշխիքները։
Նրա խոսքով՝ ներկայացված օրինագծում ամրագրված են ճանապարհի, գիշերակացի, սննդի եւ այլ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պահանջները։ Առաջ այս ամենը չի եղել։
«Առանց նման համաձայնությունների առկայության կամավորների ներգրավումը պարզապես անհնար կդառնա»,- նշել է փոխնախարարը։
Կամավորական կարող է դառնալ ցանկացած մարդ, որի 16 տարին լրացել է։ Ընդ որում՝ առանձին ուղղությունների համար կպահանջվի պրոֆիլային կրթության առկայություն կամ համապատասխան հավաստագիր։ Խոսքը, մասնավորապես, կամավորների մասնակցության մասին է բժշկական, տնտեսական, իրավաբանական եւ այլ ոլորտներում։
Տարբեր կամավորական շարժումներում ներգրավվելը թույլ կտա մասնակցին կուտակել անհրաժեշտ փորձ հետագայում աշխատանքի տեղավորվելու համար։ Այս ամենը, փոխնախարարի հավաստիացմամբ, հաշվի կառնվի։
0Comments