Այսօր Կատարում մեկնարկեց ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղային երկրորդ օրը։ Առաջին խաղում մրցում են Անգլիան և Իրանը, որոնք ընդգրկված են B խմբում, հայտնում է ArmSport.am-ը։
Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին անգլիացիները։ Հանդիպման 10-րդ րոպեին Իրանի հավաքականի դարպասապահը վնասվածք ստացավ՝ բախվելով իր թիմակցին։ Կեյրուշը ցանկացավ փոխարինել Բեյրավանդին, սակայն վերջինս պնդեց, որ կարող է շարունակել հանդիպումը․ բժիշկները օգնություն ցուցաբերեցին ֆուտբոլիստին, և 5 րոպե անց խաղը վերսկսվեց։ Սակայն, երկու րոպե անց, Բեյրավանդի վնասվածքը զգացնել տվեց, և ի վերջո նա փոխարինվեց։ Նրան փոխարինեց Հոսեյնին։
Առաջին խաղակեսը հիմնականում անցավ եվրոպական հավաքականի առավելությամբ։ Հանդիպման հաշիվը 36-րդ րոպին բացեց Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը։ Րոպեներ անց Բուկայո Սական կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2-0, իսկ հետո Ստերլինգը հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր՝ 3-0։ Հանդիպման առաջին խաղակես այդպես էլ ավարտվեց՝ անգլիացիների վստահ առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասը ևս անցավ անգլիացիների առավելությամբ։ Սաութգեյթի սաները երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրեցին մրցակցի կիսադաշտում՝ ունենալով հսկայական առավելություն գնդակը տիրելու և խաղը վերահսկելու առումով։
Հանդիպման 61-րդ րոպեին Սական դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4-0։ Բայց երեք րոպե անց Իրանը հետ բերեց մեկ գնդակ․ աչքի ընկավ ասիական հավաքականի առաջատարը՝ Տարեմին։
Բայց Անգլիայի հավաքականը շատ արագ վերականգնեց 4 գնդակի տարբերությունն այս խաղում․ 71-րդ րոպեին թիմի ավագ Քեյնի օգնությամբ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ռեշֆորդը։
Բայց դա դեռ վերջը չէր․ հանդիպման խաղավերջում փոխարինման դուրս եկած Քալում Վիլսոնը հաշիվը դարձրեց 6-1։ Իսկ լրացուցիչ ժամանակում Իրանի հավաքականը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Տարեմին՝ դառնալով դուբլի հեղինակ այս խաղում։ Հանդիպումն ավարտվեց 6-2 հաշվով։
Այսպիսով Անգլիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակով է մեկնարկում ԱԱ-ում։ Այս խմբի մյուս հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ ԱՄՆ-ն կհանդիպի Ուելսի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի 23։00-ին։
0Comments