Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ամենազանգվածային գնդակոծությունը պատերազմի սկզբից ի վեր

Մանրամասներ

1

Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ամենազանգվածային գնդակոծությունը պատերազմի սկզբից ի վեր, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Այսօր կրկին Ռուսաստանը լայնամասշտաբ հրթիռային հարվածներ է հասցնում էներգետիկ օբյեկտներին։ Սա էներգահամակարգի ամենազանգվածային գնդակոծությունն է պատերազմի սկզբից ի վեր»,- Facebook-ի իր էջում գրել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

Գալուշչենկոյի կարծիքով՝ այս հարձակումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ «որոշ հարեւան երկրների» էներգետիկ համակարգերի վրա։

«Հարվածները տեղի են ունենում ամբողջ ուկրաինական էներգահամակարգում՝ ինչպես արտադրական օբյեկտներում, այնպես էլ էլեկտրահաղորդման համակարգում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վթարային անջատումներ են կատարվում։ «Խնդրում եմ բոլորին ըմբռնումով վերաբերվել էներգամատակարարման հետ կապված կրիտիկական իրավիճակին, պահպանել հանգստություն եւ վստահել Ուկրաինայի էներգետիկներին եւ զինված ուժերին»,- հավելել է նա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատի խոսքով՝ այսօր ռուսական զորքերը «մոտ 100 հրթիռ» են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ «Այո, սա զանգվածային հրթիռային հարձակում է։ Այո, կրիտիկական ենթակառուցվածքը առաջին նպատակն է։ Բայց, ինչպես տեսնում ենք, բնակելի շենքերի վրա հրթիռային հարձակումների հետեւանքներ կան»,- նշել է նա։