«Առավոտ» թերթը գրում է. «Կիրակի օրը Գյումրիում մի կին մոտեցավ վարչապետին և հուզական տոնով բողոքեց կյանքից ու, մասնավորապես, երկրի ղեկավարից: Բոցավառ հականիկոլականները ուրախացան՝ «ահա, տեսնո՞ւմ եք, մերժում են, սպասեք՝ դա դեռ սկիզբն է»: Խանդավառ նիկոլականները սկսեցին արդարացումներ փնտրել՝ «այս կինը հոգեկան հիվանդ է»: Իրականում որևէ արտառոց բան չկա նրանում, որ ժողովրդավարական երկրում ոչ թե մեկ հոգի, այլ հազարավոր մարդիկ դժգոհ լինեն իրենց ղեկավարից: Կարևորն այն է, որ նրանք այդ դժգոհությունը կարողանում են արտահայտել, և երկրի առաջին դեմքը բազմաթիվ պատնեշներով չի մեկուսացվում այդ դժգոհներից ու ականջները չի փակում ՝ դժգոհությունները չլսելու համար:
Իսկ պալատականներն ու չափից դուրս ջերմ երկրպագուները չեն բացականչում՝ «մի լսիր նրանց, թագավոր ջան, դու ամենալավն ես, քեզնից դժգոհները պարզապես չարախոսներ են, նրանք կա´մ հոգեկան հիվանդ են, կա´մ ծախված-ուղղորդված են, կա´մ սրիկաներ»: Ղեկավարին նման «սփոփիչ» բառեր ասողներից շատերը վստահ են, որ իրենց կեցվածքը շատ օգտակար է «թագավորին», մի մասն էլ, հավանաբար, հույս ունի, որ քծնանքը օգտակար կլինի իրենց:
Բայց պետք է հաշվի առնել, որ «ազգովի» փառաբանում են միայն ամբողջատիրական երկրների առաջնորդներին:
Պաշտամունքի առարկա էին Ստալինը, Մառն, Կիմ Իր Սենը, և ո՞վ կարող է ասել, որ այդ պաշտամունքը մեծ մասամբ չի եղել անկեղծ, որ, ասենք, 1953 թվականին խորհրդային մարդկանց ստիպում էին, որ նրանք ողբան «մեծ առաջնորդի» մահը:
Ժողովրդավարական երկրներում այդպես չէ՝ Մակրոնով կամ Թրամփով իրենց երկրների քաղաքացիները չեն հիանում՝ բնակչության, ենթադրենք, 60 տոկոսը նման լիդերներին ընդունում է, 40%-ը (այսինքն՝ միլիոնավոր մարդիկ)՝ մերժում, և ոչ ոքի մտքով չի անցնում այդ 40 տոկոսին մեղադրել, որ նրանք ծախված սրիկաներ են: Եվ եթե որևէ մեկը՝ լինի նա քաղաքական գործիչ, թե հասարակ քաղաքացի, արտահայտում է այդ 40 տոկոսի կարծիքը, նրա բերանը նույնպես չեն փորձում փակել «դու վաբշե խոսալու տեղ չունես» սպանիչ փաստարկով:
Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում կան մարդիկ, որոնք դժգոհ են իրենց կյանքից, և պարտադիր չէ, որ նրանց բողոքները լինեն զուտ նյութական: Նման մարդիկ իրավունք ունեն անհատապես կամ խմբով մոտենալու իրենց երկրի ղեկավարին (իհարկե, վերջինիս անվտանգությունը պետք հուսալիորեն ապահովվի) և հայտնելու իրենց բողոքը:
...Հիշում եմ, 1993 թվականի դեկտեմբերի 7-ին նույն Գյումրիում բորբոքված մարդկանց մի խումբ մոտեցավ Լևոն Տեր-Պետրոսյանին և չափազանց կոշտ արտահայտություններով բնութագրեց նրա իշխանությունը: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ հեռախոսով հնարավոր չէր նկարահանումներ կատարել, համացանցը զարգացած չէր, իսկ Տեր-Պետրոսյանն այդ պահին մեծ թվով երկրպագուներ չուներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments