Իշխանությունը պետք է ազնիվ գտնվի ժողովրդի նկատմամբ

Հուզականությունը և պոռթկումային իրավիճակները, որ առկա էին մինչև այս, պետք է հաղթահարվեն

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ArmeniaDaily.am–ի հետ զրույցում, անդրադարձել է մեդիա մանիպուլյացիաներին:

Պատգամավորի խոսքով՝ մեդիա մանիպուլյացիաները քանդում են այն դրականը, որ կա այսօր և չեն նպաստում լուրջ պետականաշինական աշխատանքին:

«Այսօր Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև բավականին լուրջ մարտահրավերներ են կանգնած՝ առաջին հերթին ինքն իրեն հաղթելու մարտահրավերը: Սա նշանակում է, որ այն հուզականությունը, այն պոռթկումային իրավիճակները, որ առկա էին մինչ այս, պետք է հաղթահարվեն, որովհետև պետականաշինությունը ոչ թե սիրո դրսևորում է կամ ոչ այնքան սիրո դրսևորում է, որքան ճիշտ հաշվարկների, ոչ այնքան հուզականության դրսևորում է, որքան դատողականության, իսկ մանիպուլյացիաները բացառապես հուզական մակարդակում են»,-ասել է նա:

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ պետք է բացառվի որևէ մանիպուլյացիա, հատկապես, որ այսուհետ իշխանությունը պետք է ազնիվ գտնվի ժողովրդի նկատմամբ և որևէ ձևով չազդի անազնիվ եղանակներով ժողովրդի մոտ կարծիքի ձևավորմանը և այդ կարծիքի սխալ արտահայտմանը: