Հայաստանի հպարտ քաղաքապետ, արդեն գործելու ժամանակն է

Իսկ ո՞ւր մնացին խոստումները

Ամիսներ շարունակ համացանցը ողողված է աղբակույտերի նկարներով, որոնք «զարդարում» են Երևան քաղաքի փողոցները: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո փողոցների աղտոտվածության ամբողջ մեղավորը դարձավ «Սանիթեք» ընկերությունը, քանի որ մայրաքաղաքի աղբահանության հարցերով միակ զբաղվողը հենց այս կազմակերպությունն էր: Իսկ Մարգարյանի հրաժարականից հետո հանկարծ պարզվեց, որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները՝ տեխնիկայի շարքից դուրս գալու պատճառով: 

Աղբի գարշահոտությունը քաղաքապետարանում վեճերի առիթ դարձավ, գրեթե բոլոր խմբակցություններն սկսեցին խոսել և վիճել այս թեմայով: «Սանիթեք» ընկերությունն էլ այդ ընթացքում երկու անգամ տուգանվեց: Ընկերությունը նոր տեխնիկա բերեց։ Երևանի քաղաքապետի պաշտոնն էլ ստանձնեց Հայկ Մարությանը: 

Գրեթե բոլորս հիշում ենք այն հուզիչ տեսանյութը, որը Հայկ Մարությանի մասնակցությամբ՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ հայտնվեց համացանցում: Կարծես թե խոստումները պարզ էին և հստակ, իսկ քաղաքապետ ընտրվելուց հետո Հայկ Մարությանն առաջին հերթին պատրաստվում էր քաղաքը մաքրել աղբակույտերից: 

«Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում հազիվ թե քնելու ժամանակ գտնեմ, ուր մնաց՝ դերասանի կարիերայի մասին մտածեմ»,-քարոզարշավներից մեկի ժամանակ այսպիսի պատասխան էր տվել Մարությանը: 

Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Երևանյան աղբի խնդիրն արդիական մնաց անգամ Ամանորին: 

Դերասանական խաղ, թե՞ լավ պատրաստված փիառ, հենց այս հարցն է առաջանում ամեն անգամ քաղաքի փողոցներով քայլելիս: Իսկ գուցե ճի՞շտ էին այն կարծիքները, որ ամեն մարդ իր մասնագիտությամբ պետք է զբաղվի: 

Ամանորյա տոներին անզորությունից դրդված՝ իրենց մխիթարելու համար, մարդիկ սկսեցին արդարանալ, թե «Ամանորին շատ են ուտում, հետևաբար աղբը շատ է, ի՞նչ վատ է որ»: Իսկ ավելի լավ չէ"ր լինի, որ ֆեյսբուքյան ստատուսներ գրելու փոխարեն ամեն մարդ կատարեր իր պարտավորությունները, գուցե այդ ժամանակ հա՛մ մարդիկ շատ ուտեին, հա՛մ էլ աղբը լիներ աղբամաններում, այլ ոչ թե դրանցից դուրս: 

Ֆեյսբուքյան քննադատություններից հետո Հայկ Մարությանը խոսեց և հունվարի 8-ի խորհրդակցության ժամանակ հայտարարեց. «Տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս՝ բավարար և լավ: Հենց տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին և համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է»: Քաղաքապետը նաև կարևորել էր Երևանն անհրաժեշտ քանակությամբ աղբամաններով ապահովելու խնդիրը։ Նրա խոսքով` այսօր քաղաքում 5200 աղբաման կա, սակայն գործընթացը լիարժեք կազմակերպելու համար 8000-ն է անհրաժեշտ։ 

Ինչքա՞ն կարղ են հպարտ քաղաքացիներն սպասել այդ 8000 աղբամաններին, եթե 5200 աղբամանով հարցը չեն կարողանում լուծել:

Նախորդ քաղաքապետի աշխատանքը քննադատելուց հետո բոլորն սպասում էին, թե ինչպես է աշխատելու նորը: Սակայն 5 ամիս անց Հայաստանի հպարտ քաղաքացիները դեռևս ոչ մի փոփոխություն չեն զգացել: Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերություն նախորդի և նորի միջև, եթե խոստումները մնում են օդում կախված:

Հայաստանի հպարտ քաղաքապետ, արդեն գործելու ժամանակն է: