Խոսքն ու իրականությունը՝ խիստ սղման մեջ

Որտե՞ղ Փաշինյանը փնտրի սփյուռքահայ ներդրողների վերապահումների ելակետը


Հայաստանում, չնայած տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է, մինչդեռ սպասելիքները շատ ավելին էին. սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությունն է՝ ուղղվված սփյուռքահայ գործարարներին, ում հետ նրա հանդիպումը կազմակերպվել էր ամանորյա տոներից հետո:

Հեղափոխության առաջնորդը կոչ է արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաեւ այդ գործում ներգրավել այն երկրների գործարարներին, որտեղ իրենք ապրում են:

Միանշանակ տրամաբանական ու ողջունելի առաջարկ է, բայց եկեք հասկանանք՝ որքանո՞վ է գրավիչ մեր երկիրը բիզնեսի համար, և ո՞րն է մոտիվացիան՝ այստեղ փողեր բերելու հարցում ինչպես Սփյուռքի, այնպես էլ միջազգային բիզնեսի մեծ ու փոքր ներկայացուցիչների համար:

Մի կողմ թողնելով հայրենասիրական զեղումները, քանի որ իրական բիզնեսը դրա հետ ոչ մի առնչություն չունի և սխալ կլիներ՝ եթե ունենար, դիտարկենք՝ ինչ ենք ձեռնարկում մենք որպես պետություն ու իշխանություն, որպեսզի առիթ ունենանք զարմանալու կամ դժգոհելու, թե ինչու՞ մեզ բիզնեսմենները համառորեն չեն նկատում՝ նախապատվությունը տալով այլ երկրների, դրանց թվում՝ նաև մեր հարևան:

Որ թավշյա հեղափոխություն ենք արել ու որոշել ավելի լավ կառավարվող ու զարգացող պետություն կայացնել, իհարկե անչափ ողջունելի է, այլ հարց է, թե փաստացի մինչ օրս որքա՞ն է դա մեզ հաջողվել ու ի՞նչ նախադրյալներ ենք այսօր ստեղծում տնտեսության մեջ իրական ճեղքում ապահովելու համար:

Գոհունակություն հայտնելով ԿԲ և կառավարության աշխատանքից՝ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ին գնաճը կազմել է 1.8 տոկոս։ Ինչին շտապեց հակադարձել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պնդելով, որ անցած տարի գնաճն իրականում եղել է 2.5, այլ ոչ թե 1.8 տոկոս: Բագրատյանը հիշեցնում է, որ խոսքը տարվա միջին գնաճի մասին է, ոչ թե՝ ծայրակետային, և հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5 տոկոսով ավելի, քան 2017-ին։ Նա նաև տեսակետ է հայտնում, որ տնտեսական աճի արագացման համար Հայաստանին պետք է 4.5-6 տոկոս գնաճ, իսկ ցածր գնաճը 2018-ի ցածր տնտեսական աճի պատճառներից մեկն է, մինչդեռ անհրաժեշտ է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից։

Լավատեսության ակնհայտ պակասը, որ արտացոլված է Բագրատյանի գնահատականներում, կարծես թե կիսում է նաև Համաշխարհային բանկը. գլոբալ տնտեսության աճի վերաբերյալ հերթական զեկույցում ՀԲ գնահատականներն ամենևին հուսադրող չեն։

Դա այն դեպքում, երբ Փաշինյանի հեղափոխական իշխանությունը համոզմունքով հայտարարում է երկրում մեկ այլ՝ արդեն տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Իհարկե, շարքային քաղաքացու ականջին անչափ հաճելի են վերամբարձ խոստումները, որ տարփողվում էին ողջ նախընտրական գործընթացների ժամանակ, սակայն խոսքն ու իրականությունը դեռևս խիստ սղման մեջ են դրսևորվում, և հենց այստեղ է, որ Փաշինյանը պետք է փնտրի սփյուռքահայ ներդրողների վերապահումների ելակետը:

ՀԲ զեկույցով 2019-ի համար Հայաստանում կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի ընդամենը 4,3 տոկոս ավելացում։ Բավարա՞ր է այսպիսի ցուցանիշը թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու համար, վստահաբար ոչ. այն ցածր է՝ ինչպես կառավարության կանխատեսումներից, այնպես էլ՝ անցած տարվա տնտեսական աճի սպասումներից: Հիշեցնենք, որ 2019թ. համար պետական բյուջեով պլանավորված է ՀՆԱ 4,9 տոկոս ավելացում, իսկ 2018-ի սպասումները 5 տոկոսի սահմաններում են, ինչը նաև զգալիորեն զիջում է ոչ վաղ անցյալում կառավարության ներկայացրած կանխատեսումներին: Հիշեցնենք, որ հոկտեմբերին տնտեսական աճի ակնկալիքները կառավարությունը 6,5 տոկոսի սահմաններում էր գնահատում, ինչը պարզվեց՝ չափազանցված է։

Համաշխարհային բանկի թերահավատությունն, ի դեպ, վերաբերում է նաև 2020 և 2021թվականների ցուցանիշներին. կանխատեսվում է ՀՆԱ-ի ընդամենը 4,6 տոկոս ավելացում։

Այսքանից հետո պե՞տք է տարակուսել, թե ինչու են ներդրողները խուսափում մուտք գործել Հայաստանի տնտեսական միջավայր։ Մինչդեռ հենց նրանց բերած գումարներն են, որ այդքան անհրաժեշտ են տնտեսության ցատկը սնուցելու համար:

Այն, ինչ առայժմ ունենք՝ նոր բիզնես-ծրագրերի սուր դեֆիցիտն է, արդյունքում տնտեսական կյանքը սառած վիճակում է, իսկ կառավարությունը ոչ միայն քայլեր չի անում այն ակտիվացնելու ուղղությամբ, այլև պարբերաբար հաջողացնում է խնդիրներ ստեղծել տնտեսվարողների համար։

ՀԲ փորձագետների գնահատականներով, Հայաստանի համար ռիսկային են համարվում կառուցվածքային բարեփոխումների ներկայիս ընթացքի դանդաղումը կամ փոփոխությունը։ Ստացվում է, որ այս պահի դրությամբ միակ ձեռքբերումը, որ իր համար ֆիքսել է ՀՀ քաղաքացին, տխրահռչակ բանանի գնի էժանացումն է, ինչն, ի դեպ, արդեն անցյալում է, քանի որ հին գները դարձ ի շրջանս յուր են արել այլևս, ինչպես նաև բենզինի գնի՝ 10 տոկոս էժանացումը, որն ակտիվորեն փիառվում է, որպես կառավարության ջանքերի արդյունք: Եվ իրոք, 440-450 դրամով վաճառվող բենզինը դեկտեմբերից էժանացել է՝ դառնալով 400 դրամ: Բայց դա, պարզվում է, այդքան էլ այդպես չէ, քանի որ իրականում «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինն է 2018-ի դեկտեմբերին 85 դոլարից իջել մոտ 50 դոլար, այսինքն՝ նավթի համաշխարհային գներն ընկել են շուրջ 40 տոկոսով, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ հայաստանյան գների վրա: Սակայն եթե միջազգային գներն իջել են 40 տոկոսի չափով, ապա մեր երկրում գնանկումն ավելի քիչ է արձանագրվել՝ ընդամենը՝ 10 տոկոս: Որ բենզինի գինն իջել է, շատ լավ է, բայց ի՞նչ գործ ունի այդտեղ կառավարությունը. այդ գործընթացում Փաշինյանի կառավարության դերակատարումը, փաստորեն, զրոյական է:

Այսպիսով, իշխանափոխությունից հետո ՀՀ քաղաքացու մոտ օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն ձևավորված չափազանց բարձր սպասումները կարդարանա՞ն, թե՞ դառը հուսախաբության պատճառ կդառնան՝ ցույց կտա առաջիկան: Գնդակն այևս իշխանության դաշտում է, ինչքանով այն կարդարացնի հասարակության մեծ ակնկալիքները, ցույց կտան առաջին քայլերը, որ կձեռնարկի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունը: