Վեգանության սկզբունքներին հետևող հայտնի երաժիշտների, դերասանների, գիտնականների խումբը դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ հորդորելով վեգանական դիետա պահել Մեծ պահքին, խոստանալով, որ այդ պարագայում մեկ միլիոն դոլար կփոխանցեն բարեգործական նախագծերին, որոնք ինքը՝ հովվապետը կնշի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հանրահայտ այս մարդիկ իրենց կոչը, որոնց թվում են The Beatles լեգենդար ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Մակքարթնին, ամերիկացի դերասան, պրոդյուսեր Խոաքին Ֆենիքսը, իռլանդացի դերասանուհի Էվանա Լինչը, որը հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում իր մասնակցությամբ, եւ ամերիկացի դիջեյ, երգիչ Մոբին, բացատրում են «սննդակարգը փոխելու օգնությամբ կլիմայական փոփոխություններին դիմակայելու» անհրաժեշտությամբ, տեղեկացրել է Ansa իտալական տեղեկատվական գործակալությունը:
Կոչի նախաձեռնողը կենդանիների իրավունքների 12-ամյա պաշտպան, Genesis for Animals ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիր Ջենեզիս Բաթլերն է։ Նրա կարծիքով՝ ժամանակակից արդյունաբերական կենդանաբուծությունը ոչ միայն հանգեցնում է կենդանիների տառապանքների, այլեւ նպաստում է գլոբալ տաքացմանը, անտառազրկմանն ու կենսաբազմազանության կրճատմանը:
0Comments