Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև Եվրամիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումներից հետո հայտարարությունների վերաբերյալ։
Բայրամովը կարևորել է կողմերի պարտավորությունների լիարժեք կատարումը։ Այս կապակցությամբ ընդգծվել է, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և նշվել է դրա անթույլատրելիությունը։
0Comments