«Չմիզե՛լ Ռուսաստանի ուղղությամբ». սահմանին «կարիքները հոգալն» արգելել են

Մանրամասներ

1

Ռուսաստանի եւ Նորվեգիայի տարածքները բաժանող Յակոբսելվ գետի ափին նախազգուշական նշան է հայտնվել, որն արգելում է նորվեգացիներին «կարիքները հոգալ» արեւելյան հարեւանների ուղղությամբ, հայտնել է The Moscow Times-ը:  

Ըստ լրատվամիջոցի՝ ցուցանակը տեղադրվել է գետի մոտ՝ Գրանսե Յակոբսելվ գյուղ տանող ճանապարհի մոտակայքում, որտեղ հաճախ են այցելում Նորվեգիայի ամենահյուսիսային Ֆինմարկ նահանգով ճամփորդող զբոսաշրջիկները:

Չնայած այն բանին, որ Նորվեգիայի իրավապահ մարմիններն հայտնել են, որ տեղյակ չեն նման միջադեպերի մասին, թագավորության մաքսային ծառայության սպա Յենս Հոյլունդը հաղորդել է, որ շատ հավանական է, որ տարածքով անցնողներից ոմանք ցանկանան «հոգալ իրենց կարիքները» երկար ճանապարհորդության ընթացքում: Այդ պատճառով մաքսավորները որոշել են լրացուցիչ զգուշացնել մարդկանց, չնայած պետությունների միջեւ սահմանին սադրանքներն արգելող օրենքը գոյություն ունի 1950 թվականից:

«Նման դեպքերում տուգանքի չափը կսկսվի մոտ 290 եվրոյից: Ի վերջո, յուրաքանչյուր նման դեպք կարող է հանգեցնել դիվանագիտական ​​միջադեպի», - ասել է սպան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է լինելու օրենքը խախտողների հետ: