Ինչպե՞ս երեխայի մեջ ինքնուրույնություն դաստիարակել

11 խորհուրդ մայրերին

1

Հաճախ ծնողները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ երեխան արդեն բավական մեծ է որոշ բաներ ինքնուրույն անելու համար, ուստի շարունակում են միջամտել նրանց յուրաքանչյուր քայլին, ինչը կարող է հետագայում լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 11 խորհուրդ, որոնք թույլ կտան երեխայի մեջ ինքնուրույնություն դաստիարակել:

1.    Մի արեք աշխատանքը երեխաների փոխարեն

Երեխայի փոխարեն որևէ բան անել պետք չէ: Դրա փոխարեն հարկավոր է հուշել նրան, թե ինչպես է պետք դա անել կամ հարցնել նրա կարծիքը: Որպեսզի երեխան սովորի ինքնուրույն որոշումներ կայացնել, ծնողը պետք է սովորի տալ այնպիսի հարցեր, որոնք կօգնեն նրան ճիշտը ենթադրություններ անել:

2.    Թույլ տվեք, որ նա ինքնուրույն խաղա

Հարկավոր է թույլ տալ, որպեսզի երեպաներն ինքնուրույն խաղան և պարզապես հետևել: Դա կստիպի նրանց նոր խաղեր և մտացածին աշխարհներ հորինել և ավելի հետաքրքիր անցկացնել ժամանակը: Բացի այդ, թույլ տվեք, որ երեխան մի փոքր ձանձրանա և մի առաջարկեք ժամանցի տարբեր միջոցներ: Երբեմն ձանձրանալը շատ օգտակար է լինում և երեխան սովորում է ինքնուրույն զբաղմունք գտնել: Երեխայի առաջին ինքնուրույնությունն ինքնուրույն խաղն է:

3.     Թույլ տվեք, որ երեխաները սխալներ գործեն

Հաճախ ծնողներին թվում է, որ երեխան որևէ բան անելիս կսխալվի և ինչ-որ կարևոր մանրուք կմոռանա, սակայն նման դեպքերում պետք չէ միջամտել և ամեն ինչ ինքնուրույն անել: Միայն սխալվելու դեպքում երեխաները կսովորեն ելք փնտրել դժվար իրավիճակներից և ուղղել իրենց սխալները:

Միաջտել կարելի է միայն այն ժամանակ, երբ երեխան ինքն օգնություն խնդրի:

4.    Գովեք ինքնուրույն նախաձեռնությունների համար

Եթե երեխան ինքնուրույն լվացել է ափսեները, կատարել է վարժությունը կամ հաղթահարել է իր վախը, ապա հարկավոր է ուրախանալ նրա հետ միասին: Պետք չէ մատնանշել նրա արածի թերությունները, քանի որ գոնե մեկ անգամ գովասանքի արժանանալու դեպքում երեխան զգում է իր կարևորությունն ու իր արածի օգտակարությունը և ցանկանում է կրկնել դա:

5.    Մի խառնվեք երեխայի ամեն քայլին

Հարկավոր է ուշադիր հետևել երեխաների վեճերին ու կոնֆլիկտներին, սակայն թույլ տալ, որ իրենք ինքնուրույն լուծեն խնդիրը: Վեճին միջամտելու պահը հարկավոր է զգալ, սակայն եթե դա պարզապես լեզվակռիվ է, ապա միջամտելու դեպքում նրանցից մեկն անպայման կսկսի մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Հետագայում խնդիրները լուծելու այս փորձը թույլ կտա ավելի ճկուն լինել և հեշտ լեզու գտնել մարդկանց հետ:

6.     Երեխաներին լուրջ ընդունեք

Հարկավոր է շատ ուշադիր լինել նրանց դատողությունների հանդեպ, քանի որ հակառակ դեպքում հետագայում նրանք կամաչեն օգնություն խնդրել: Երեխաները վստահում են այն մեծահասակներին, որոնք հարգանքով են իրենց վերաբերվում, լսում են և զրուցում՝ ինչպես հավասարը հավասարի հետ:

7.    Տանն ապահովեք այնպիսի միջավայր, որ երեխաների համար հարմար լինի ինքնուրույն գործելը

Ցածր դարակներն ու կախիչները և հասանելի վայրում գտնվող անհրաժեշտ պարագաները շատ կարևոր են: Հարկավոր է այնպես կազմակերպել կենցաղը, որ երեխաներն անընդհատ մեծահասկների օգնության կարիքը չունենան:

8.     Թույլ տվեք երեխային ինքնուրույն որոշումներ կայացնել

Մի փոքր մեծ հասակում երեխաները պետք է սկսեն ինքնուրույն որոշումներ կայացնել: Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն որոշի, թե ինչ է ուզում հագնել, ինչով է ուզում խաղալ և ում է պատրաստվում հրավիրել ծննդյան խնջույքին: Նույնիսկ եթե նրան դուր չգա իր կայացրած որոշման արդյունքը, միևնույն է սա շատ կարևոր փուլ է երեխայի կյանքում:

9.     Ծանոթացրեք նրանց «մեծերի գործերին»

Առօրյայում երեխային կարելի է շատ անհրաժեշտ բան սովորեցնել: Օրինակ՝ ինչպես վճարել հասարակական տրանսպորտի համար, որտեղ դեն նետել աղբը կամ ինչպես աղցան պատրաստել և այլն: Թույլ տվեք, որ մասնակցեն «մեծերի գործերին» և աստիճանաբար ծանոթանան դրանց:

10.  Որևէ բան հանձնարարեք երեխային

Հարկավոր է մտածել մի բան, որի պատասխանատվությունը կլինի միայն երեխայի ուսերին: Օրինակ՝ մաքրել ակվարիումը, լվանալ հատակը և այլն: Ընդ որում՝ ցանկալի է, որ ուրիշ ոչ մեկը չխառնվի այդ գործերին:

11.  Ոգեշնչեք երեխաներին որևէ նոր բան փորձել

Որևէ նոր բանը անելը երեխային կստիպի ջանքեր գործադրել: Այդ ընթացքում նրա կողքին գտնվելով կարելի է հետևել փոքրիկի արձագանքին և պարզել, թե ինչպես է նա որոշումներ կայացնում կամ փորձում առանց ծնողի օգնության որևէ բան անել: Սա անհրաժեշտ փորձ է նրա համար, որը հետագայում շատ օգտակար կլինի:

Հաճախ ծնողները շատ զբաղված են լինում երեխային ճիշտ դաստիարակելու համար: Շատ ավելի հեշտ է փոքրիկի հագուստն ինքնուրույն հագցնելը, քան նրա հագնվելուն սպասելը, սակայն սա այն դեպքն է, երբ շտապողականությունը բացասաբար է անդրադառնում: Երեխան այս դեպքում չի հասկանում, որ կան բաներ, որոնք նա կարող է ինքնուրույն անել:

Հարկավոր է հիշել, որ ծնողի խնդիրը երեխայի կողքին գտնվելն ու անհրաժեշտության դեպքում հուշումներ անելն է, այլ ոչ թե ցուցումներ տալն ու միջամտելը: Բոլոր ծնողներն էլ անհանգստանում են իրենց երեխաների համար, սակայն երբեմն հարկավոր է ազատություն տալ երեխաներին, պարզապես հետևել և հպարտանալ նրա հաջողություններով: