ՀՀԿ-ականները եւս կարող էին թքած ունենալ Սահմանադրության վրա եւ Սերժ Սարգսյանին պահել ԺՊ

Սահմանադրությունը գրողները պետք է մաքսիմալ հստակ, դետալացված եւ խելագարության կանխավարկածից ելնելով գրեին մայր օրենքը՝ չբացառելով այն հանգամանքը, որ մի օր կարող էր իշխանության գալ Նիկոլ Փաշինյանի նման մեկը

1

Երկու օր է՝ Հայաստանի իրավաբաններն ու ոչ միայն նրանք, մանրամասն բացատրում են, որ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնող անձը այդ հրաժարականից հետո այլեւս իրավունք չունի պաշտոնավարելու, այսինքն՝ մնալու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Դա Սահմանադրության կոպիտ խախտում է։ Բայց ապրիլի 25-ին իր հրաժարականի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, խախտելով Սահմանադրությունը, ասաց, որ ինքը մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում։ Այսինքն՝ նա հրաժարական է տալիս, բայց մնում է վարչապետ։ Սա նոնսենս է, բայց Փաշինյանի ու նրա կիսագրագետ եւ անօրեն թիմի համար նորմալ է։ 

Երկու օր է՝ հանրությունը նաեւ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի ապրիլյան հեղափոխության օրերին ունեցած ելույթը, որտեղ նա բառացի ասում է․ «Իրավաբանները, վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»։ Նա այս մասին արձանագրել էր Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու առթիվ։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանը կառավարության նիստ գումարեց, եւ որոշում ընդունվեց, որով ինքը՝ որպես առաջին փոխվարչապետ, ստանձնում է վարչապետի պարտականությունները՝ մինչեւ ընտրությունների անցկացումը։ Կարո՞ղ էին ՀՀԿ-ականները եւս թքած ունենալ Սահմանադրության վրա եւ Սերժ Սարգսյանին պահել ԺՊ։ Իհարկե, կարող էին։ Այնպես չէ, որ նրանցից հեռու էր օրենքները շրջանցելը։ Բայց ՀՀԿ-ականներն ունեցան բավարար բարոյականություն՝ դրսեւորելու օրինապաշտություն, եւ չգնացին Սահմանադրության ակնհայտ ոտնահարման ճանապարհով։ Իսկ Նիկոլ Փաշինյանն անում է ճիշտ հակառակը։ 

Փորձենք հասկանալ՝ արդյոք Սահմանադրության մեջ ամեն ինչ այնքան հստա՞կ է գրված, որը թույլ չէր տա Փաշինյանին կամ որեւէ մեկին սողանցք գտնել՝ օրենքը շրջանցելու։ Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի գրած Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է հետեւյալը․ «Կառավարությունը հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը»: 

Այստեղ խնդրահարույցը «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը» ձեւակերպումն է։ Թեեւ իրավաբանները բացատրում են, որ վարչապետը չի կարող ե՛ւ հրաժարական տալ, ե՛ւ մնալ այդ պաշտոնում, որովհետեւ եթե հրաժարական է տալիս, ուրեմն այլեւս չի ցանկանում պաշտոնավարել, բայց 158-րդ հոդվածի այս վերջին տողը, ըստ էության, թույլ է տալիս մանեւրել՝ հրաժարական տալով՝ մնալ նույն պաշտոնում։ Բանն այն է, որ կառավարության անդամներ են համարվում վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, եւ եթե Սահմանադրությամբ ասվում է՝  կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, դրա մեջ մտնում է նաեւ վարչապետը՝ որպես կառավարության անդամ։ 

Իմքայլականները, հավանաբար, հենց այս հոդվածի այս ձեւակերպման վրա են հիմնվել։ Թեեւ հիշեցնենք, այդ նույն Փաշինյանը 2018-ին հայտարարում էր ճիշտ հակառակը։ Բայց նրան ի՞նչ կա, իր կամքն է՝ ինչպես կուզի, այնպես էլ կմեկնաբանի Սահմանադրությունը։ Եվ ապավինել Նիկոլ Փաշինյանի ողջամտությանն ու օրինապաշտությանը՝ իր հրաժարականի դեպքում, միամտություն կլիներ մեր կողմից։

Եթե վերանանք զուտ իրավական ձեւակերպումներից ու հարցին նայենք այն տեսանկյունից, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվել, արդյոք իսկապե՞ս հոգնել է վարչապետի պաշտոնից կամ որոշել է ստանձնել պատերազմում պարտությունը եւ քայլ անել, ապա պետք է արձանագրենք այն, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ի իր հրաժարականի ուղերձում հստակ հայտարարում է, որ ինքը հրաժարական է տալիս, որպեսզի վերընտրվի եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կրկին բազմի այդ բաղձալի աթոռին։ Բայց այստեղ այլ նոնսենս է առաջ գալիս։ Արտահերթ ընտրությունները որեւէ պարագայում չեն կարող լինել նպատակ՝ վարչապետի հրաժարականի համար։ Արտահերթ ընտրությունները հետեւանք են վարչապետի հրաժարականի։ Այսինքն՝ վարչապետն ինչ-որ պատճառով հրաժարական է տալիս, որի հետեւանքով տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, որ նոր խորհրդարանն ընտրի նոր վարչապետ։ Իսկ այս դեպքում դարձյալ ամեն ինչ գլխիվայր շրջված է։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ այս պաշտոնից հրաժարվելու եւ վարչապետի ԺՊ մնալու խնդրին ու բացատրել է, թե ինչու չի կարող Սահմանադրության 158-րդ հոդվածի վերջին նախադասությունը՝ «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը», հիմք հանդիսանալ, որ նա հրաժարականից հետո մնա նույն պաշտոնում։ «Նրանք, հավանաբար, հաշվի չեն առնում այն իրողությունը, որ վարչապետը ՀՀ կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ, եւ նրա հրաժարականի դեպքում պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին։ Եվ դա խիստ տրամաբանական է, քանզի հրաժարական ներկայացրած պաշտոնյան ինչպե՞ս կարող է պաշտոնավարել»,- արձանագրել է Էդգար Ղազարյանը։ 

Ի դեպ, Էդգար Ղազարյանի հետ համաձայն է նաեւ Փաշինյանի քաղաքական կնքահայրը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հորդորել է «քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Էդգար Ղազարյանի բերած փաստարկներին»։ 

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ Սահմանադրությունը գրողները չեն հստակեցրել այս հոդվածի ձեւակերպումները, որ նման տարընթերցման ու սողանցքի առիթ չտա։ Մենք, իհարկե, կցանկանայինք մեկնաբանություն ստանալ Սահմանադրության հեղինակներից Վարդան Պողոսյանից եւ Հրայր Թովմասյանից, սակայն նրանք չարձագանքեցին մեր զանգերին։

Իրավաբաններն ասում են, որ Սահմանադրությունը գրողները պետք է մաքսիմալ հստակ, դետալացված եւ խելագարության կանխավարկածից ելնելով գրեին մայր օրենքը՝ չբացառելով այն հանգամանքը, որ մի օր կարող էր իշխանության գալ Նիկոլ Փաշինյանի նման մեկը, որը Սահմանադրությունն ու օրենքներն իրեն հարմարեցներ եւ դրանց տրամաբանությունը խեղաթյուրելով՝ բռնազավթեր իշխանությունը։

Hraparak.am