ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը The New York Times թերթին տված հարցազրույցում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն է հայտնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հարցին, թե արդյոք պահպանում է իր ավելի վաղ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքին, Բայդենը դրական պատասխան է տվել։
«Դա հեշտ չի լինի, բայց այո»,- պատասխանել է նա։
Բայդենի խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների և գործընկերների հետ մասնակցել բանակցություններին և մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեն և երկարացնեն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների գործողությունը»։
Բայդենը նաև ընդգծել է, որ համաձայնագիրը, որը կվերահսկի Թեհրանի միջուկային ծրագիրը, համարում է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիքը»:
«Աշխարհի այդ հատվածում միջուկային ներուժի ավելացումը վերջին բանն է, ինչ մենք ցանկանում ենք»,- հավելել է նա։
Ավելի վաղ Բայդենը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է վերադառնալ ԳՀՀԾ-ին:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ.-ին կնքված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Համաձայնագիրը նախատեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դիմաց Թեհրանի կողմից միջուկային մշակման սահմանափակում:
0Comments