Կատալոնիայի ոստիկանությունը հարկադրված է եղել հոկտեմբերի 14-ին բողոքի մասնակիցների դեմ ուժ կիրառել Բարսելոնայի օդանավակայանում: Այդ մասին հայտնել է El Nacional թերթը:
Տարածաշրջանի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունենում անկախության շարժման ղեկավարների նկատմամբ կայացված դատավճռից հետո: Տարածաշրջանի անկախությունը պաշտպանող կազմակերպություններից մեկը կոչ է արել կաթվածահար անել Բարսելոնայի օդանավակայանի առաջին թերմինալի աշխատանքը:
Բողոքի ակցիաների մասնակիցները ճանապարհներ ու երկաթուղիներ են փակում տարածաշրջանի տարբեր քաղաքներում: Անկարգությունների վտանգի պատճառով Իսպանիայի ԱԳ նախարարությունն ուժեղացրել է իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությունը տարածաշրջանում: Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ: Տասներեք տարվա բանտարկության է դատապարտվել ժեներալիտետի նախագահի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերիսը:
Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդարաններ Ռաուլ Ռոմեւան, Ժորդի Տուրուլը եւ Դոլորս Բասսան դատապարտվել են 12 տարվա բանտարկության: Բոլոր չորսն էլ մեղավոր են ճանաչվել խռովության կազմակերպման եւ պետական միջոցների վատնման մեջ: Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը դատապարտվել է 11 տարի եւ վեց ամիս բանտային կալանքի, Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդականներ Ժոակիմ Ֆոռնը եւ Ժոզեպ Ռուլը տասը տարի եւ վեց ամիս ազատազրկման, հանրային առաջնորդներ Ժորդի Կուիշարը եւ Ժորդի Սանչեսը՝ ինը տարվա բանտարկության: Կատալոնիայի կառավարության նախկին անդամներ Սանտյագո Վիլան, Մարիչել Բորասը եւ Կառլես Մունդոն մեղավոր են ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել են տուգանքի:
2017 թվականի հոկտեմբերի վերջին Կատալոնիայում հանրաքվե է անցկացվել Մադրիդից տարածաշրջանի անկախության շուրջ, որը Իսպանիայի իշխանություններն անօրինական են ճանաչել: Ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ նրա մի խումբ կողմնակիցների դեմ առաջադրվել են անջատականության, խռովության հրահրման եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments