Ֆրենսիս Կրիկի ինստիտուտի եւ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները մարդու կրծքագեղձի հյուսվածքներում հայտնաբերել են իմունային բջիջների յուրահատուկ տեսակ: Մարդիկ, ում մոտ այս բջիջները շատ են, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, ամենայն հավանականությամբ, ողջ կմնան:
MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ խոսքը գամմա-դելտա-T բջիջների յուրահատուկ ենթատեսակի մասին է, որոնց առկայությունը կապված է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղով պացիենտների մոտ հիվանդության ռեմիսիայի հետ: Գամմա-դելտա-T բջիջները հատուկ բջիջներ են, որոնք նախապես հայտնաբերում էին մարդու աղիներում եւ մաշկում:
Նշենք, որ ամեն տարի ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 55 հազար նոր դեպք, որոնց մոտ 15 տոկոսը եռակի բացասական է: Սա ուռուցքների անչափ ագրեսիվ տարատեսակ է, որը չի արձագանքում հորմոնային թերապիային, իսկ քիմիաթերապիան դրա զարգացումը զսպում է կարճ ժամանակահատվածում:
Գիտնականների խոսքով՝ հայտնագործությունը կօգնի նոր մեթոդների մշակմանը, որոնք մեծացնում են պացիենտների ապրելիության եւ առողջանալու հնարավորությունները: Ուռուցքների դեմ պայքարի համար կարելի է արհեստականորեն խթանել գամմա-դելտա-T բջիջների արտադրումը կամ դրանք փոխպատվաստել դոնորի հյուսվածքներից:
0Comments