Որոշել եմ ձեզ հայտնել գեղեցկության իմ անձնական գաղտնիքները, որոնք ժամանակին ինձ համար բացահայտել է տատիկս: Դրանցից մեկը մազերի «կախարդական» դիմակն է:
Մեր մազերն ամեն օր ուժեղ խնամք են պահանջում՝ տուժելով մշտական չորացման, հարդարման, ներկման պատճառով: Այո, կան պրոֆեսիոնալ մեծ թվով դիմակներ, պարկուճներ, բալզամներ, սփրեյներ, որոնք օգնում են թարմացնել մեր մազերը եւ վերադարձնել փայլն ու ծավալը: Անկասկած, դրանք արդյունավետ են, եւ համապատասխանաբար՝ որակյալ արտադրանքը միշտ բարձր արժեք ունի: Օրինակ՝ Մեռյալ ծովի հանքանյութերով մազերի վերականգնող դիմակները դեղատանն արժեն 20 հազար դրամ: Բոլորի բյուջեն չէ, որ կարող է իրեն նման ծախսեր թույլ տալ, մինչդեռ բոլորն են ցանկանում գեղեցիկ մազեր ունենալ: Ուստի՝ առաջարկում ենք փորձել տատիկի բաղադրատոմսով տնային դիմակները:
Պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1 ձվի դեղնուց
1 թեյի գդալ մեղր, ցանկալի է՝ բնական
1 ճաշի գդալ նշի յուղ
1 ճաշի գդալ դդմի յուղ
Բոլոր բաղադրամասերը լավ խառնեք՝ միատարր զանգված ստանալու համար: Այնուհետեւ քսեք մազերի ամբողջ երկարությամբ՝ սկսելով արմատներից: Թեթեւակի մերսեք թեթեւ շարժումներով: Դիմակը քսելուց հետո մազերը ծածկեք գլխարկով, որի վրայից էլ սրբիչով փաթաթեք: Դիմակը պետք է մնա 2-3 ժամ: Նման միջամտություններն ավելի լավ է կատարել երեկոյան կամ քնելուց առաջ: Դիմակը լվանում եք շամպունով:
Հաջորդ առավոտյան գլուխը հիմնավորապես լվանում եք, որպեսզի յուղոտության էֆեկտ չմնա:
Դդմի յուղն արագացնում է մազերի աճը՝ խոչընդոտելով մազաթափությանը: Մազերն ավելի խիտ է դարձնում, փայլ, փափկություն հաղորդում եւ մազերը սնուցում: Իսկ նշի յուղն ամրացնում է թույլ մազափնջերը եւ խթանում մազերի ակտիվ աճը: Յուղերը վաճառում են բոլոր դեղատներում եւ արժեն մոտ 1000 դրամ:
Մազերի համար ահա այսպիսի բյուջետային եւ արդյունավետ դիմակ տատիկի բաղադրատոմսով:
0Comments