«Կախարդական» քարանձավ. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ջուր խմել Սառնաղբյուրից

Մանրամասներ

1

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բյուրեղյա մաքրության աղբյուրներ կան։ Բուն քաղաքում բոլոր ճանապարհները տանում են շատրվաններով մինի-հրապարակի օղակապտույտը, որին սովորաբար «կալցևոյ» ենք ասում։ Այդտեղից որ կողմ էլ գնաս, քեզ հրաշք է սպասում` Հառիճավանքը, Լմբատավանքը կամ Սառնաղբյուրը։

Դեռ անհիշելի ժամանակներից Արթիկի տեղում բնակավայրեր եղել են, բայց որպես քաղաք այն հայտնի է դարձել (ու, ասենք, հենց քաղաք է դարձել) խորհրդային տարիներին. հռչակավոր տուֆն այստեղ էին արդյունահանում։

Լմբատավանք․ 

Վանքն այս կառուցված է փոքր բլրի վրա, քաղաքի ծայրամասում։ Լմբատավանքի վանական համալիրի մեջ մտնող Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է VI-VII դարերում, բնականաբար, տեղական կարմրանարնջագույն տուֆից։ Այն փոքր է`գմբեթը պահող ութանկյուն աշտարակով։ 

Լմբատավանքն, ի տարբերություն հայկական շատ այլ եկեղեցիների, պաշտպանված չէ ո՛չ խորը ձորերով, ո՛չ բարձր լեռներով:

Թուրք փաշային նախապես զգուշացրել էին, որ Լմբատավանքին ավելի լավ է չդիպչել, այն վերին ուժերի պահպանության ներքո է գտնվում։ Բայց փաշան չէր լսել ու որոշել էր գրոհել։ Սակայն չէր հասցրել, ոտքերը թուլացել էին։ Թուրքերը սարսափահար փախել են`իրենց հետ տանելով հաշմանդամ փաշային, ու իրենց համակած վախից ճանապարհին ոչ մի գյուղի կամ վանքի մատով չեն դիպչել:

Լմբատավանքից քիչ հեռու՝ Սառնաղբյուրն է: Առեղծվածային աղբյուրը բխում է գյուղի ծայրամասում գտնվող ժայռափոր քարանձավից: Մաքրամաքուր ու սառնորակ ջուր։ Ըստ ավանդության` այն բուժիչ է, դրա համար այստեղ ամբողջ Հայաստանից գալիս են ՝ «ջրաբուժվելու»։ 

Աղբյուրի մոտ հավերժ թաց քարեր կան։ Քարանձավի այդ հատվածը ոչնչով պաշտպանված չէ արտաքին ազդեցություններից, բայց այս անձավում ջերմաստիճանը մոտ +10 է՝ Ցելսիուսի սանդղակով: Ըստ որում, այդ + 10 աստիճանը պահպանվում է և՛ ամռանը, և՛ ձմռանը: