Eurostar գնացքի հարյուրավոր ուղևորներ թունելում են մնացել +40 աստիճան շոգին՝ էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բելգիայում՝ Հալլե և Թյուբիզ համայնքների միջև: Եվրոպայում հաստատված շոգերի պատճառով գնացքում օդորակիչները շարքից դուրս են եկել, և վագոններում ջերմաստիճանը հասել է +60 աստիճանի: Մարդկանց թունելում իջեցրել են և խոստացել են մեկ այլ գնացք ուղարկել:
«Այսպիսով՝ Eurostar, ես Բրյուսելից Լոնդոն գնացող գնացքի մի քանի հարյուր ուղևորներից մեկն եմ: Մեզ պահում են թունելում։ Երեխաներն իրենց վատ են զգում, չափահասներն ուշագնաց են լինում: Մեզ խոստացել են նոր գնացք, արդեն երկու ժամ սպասում ենք։ Որտե՞ղ է այն: Այս ամենը վտանգավոր է: Ձեզ դատական քաշքշուկներ են սպասվում»,- Twitter-ի իր էջում գրել է գրող և դերասանուհի Քեթի Բրենդը:
Աղբյուրը նշում է, որ երկու ժամ անց ուղևորներին տեղափոխել են մեկ այլ գնացքով:
0Comments