Դիքենսի թանգարանը հայրենիք կվերադարձնի գրողի՝ 133 տարի առաջ անհետացած դիմանկարը

1844 թվականին դիմանկարն առաջին և վերջին անգամ տեսնել հնարավոր էր Թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսում

Անգլիացի գրող Չարլզ Դիքենսի դիմանկարը, որն անհետացել էր ավելի քան 130 տարի առաջ, կվերադարձվի գրողի լոնդոնյան թանգարան:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Չարլզ Դիքենսի թանգարանում տեղեկացրել են, որ իրենց հաջողվել է 180 000 ֆունտ ստերլինգ հավաքել նկարչուհի Մարգարեթ Ջիլիսի ստեղծագործությունը գնելու համար, որը վիպասանին նկարել է, երբ վերջինս 31 տարեկան էր:

«Մենք ուրախ ենք, որ դիմանկարը տուն կվերադառնա և շատ շնորահակալ ենք առատաձեռն ֆինանսական օգնության համար, որը ստացել ենք»,- նշել է թանգարանի տնօրեն Սինդի Սագրուն:

1844 թվականին դիմանկարն առաջին և վերջին անգամ տեսնել հնարավոր էր Թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսում: 1886-ին Մարգարեթը հայտնել էր, որ դիմանկարն անհետացել է: Այն կորած էր համարվում, քանի դեռ չէր հայտնաբերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ մեծ շուկայում: Նկարը պատված էր բորբոսով և հրաշքով է պահպանվել: