Իշխանությունը յուրացնելու կասկածով կալանավորվածներից մեկը ազատամարտիկ Սերոբ Գասպարյանն է՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը

Մանրամասներ
սերոբ գասպարյան

ՀՀ իշխանությունը յուրացնելու կասկածով կալանավորված անձանցից մեկը «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն է։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են։

Կայքը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրում տիրող քաղաքական լարվածության կամ սպասվող զարգացումների ֆոնին իրավապահները «բացահայտում» են իշխանությունն իբրև բռնությամբ յուրացնելու նախապատրաստության «դեպք»։ Նրանք հիշեցնում են, որ 2020թ․-ի պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո ձերբակալվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը»։ Մեկ այլ համանման քրեական գործով տևական ժամանակ կալանքի, ապա՝ տնային կալանքի տակ է գտնվել ԵԿՄ նախկին նախագահ Ալբերտ Բազեյանը։

«Ստացվում է՝ ցանկացած անհասկանալի իրավիճակում իրավապահները որոշում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «վտանգող»՝ քիչ թե շատ շոու ապահովող՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքերի մասին հաղորդել՝ թիրախում վերցնելով և որոշակի ժամանակահատվածով մեկուսացնելով նաև մարտական ուղի անցած մարդկանց, ինչպես՝ Աշոտ Մինասյանն էր, Բազեյանը, այսօր էլ՝ Սերոբ Գասպարյանը»,- նշված է կայքում։

Նշենք, որ Սերոբ Գասպարյանը «Սև հովազ» ջոկատի հրամանատարությունն ստանձնել է եղբոր՝ Ռուստամ Գասպարյանի մահից հետո։ Վերջինս եւ նրա որդին զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։