ԱՄՆ–ն շուտով կարող է հարձակվել Իրանի վրա. ամերիկացի դիվանագետ

Մանրամասներ
ամն իրան

Հնարավոր է` ԱՄՆ-ն շուտով ստիպված լինի հարձակվել Իրանի վրա, եթե չկարողանա արագ արդյունքի հասնել Թեհրանի միջուկային ծրագրի դադարեցման շուրջ բանակցություններում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալ Ռիչարդ Նեֆյուն «Foreign Affairs» ամսագրի համար գրված հոդվածում։

«Հաշվի առնելով ռազմական գործողությունների հետ կապված ռիսկերը՝ ԱՄՆ-ն Թրամփի վարչակազմի աշխատանքի սկզբնական փուլում պետք է Թեհրանի միջուկային ծրագրի դադարեցման շուրջ բարեխղճորեն բանակցություններ վարելու վերջին փորձը ձեռնարկի։ Բայց եթե ԱՄՆ-ն պատրաստ չէ ապրել մի աշխարհում, որտեղ Իրանը միջուկային զենք կունենա, ապա կարող է այլ ելք չունենալ և հարձակվել Իրանի վրա, ընդ որում՝ շուտով»,- նշել է Նեֆյուն։

Նախկին պաշտոնյայի կարծիքով՝ ամերիկացիները շատ պատճառներ ունեն խնդիրը դիվանագիտության միջոցով լուծելու համար, քանի որ վստահ չեն, որ ռազմական գործողությունը հաջող արդյունք կունենա։ Միաժամանակ Նեֆյուն նշում է, որ միջուկային տերության կողմից Իրանի վրա հարձակումը կարող է միայն Թեհրանին դրդել միջուկային զենք ստեղծել, իսկ Թեհրանի դեմ ամբողջական ռազմական արշավը կարող է ծանր լինել ԱՄՆ-ի համար:

Նեֆյուն, սակայն, կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների վրա հարձակումները կարող են կագնեցնել ծրագրի զարգացումը, արդյունքում Իրանը գուցե չվերականգնի դրանք: Դիվանագետը նշել է, որ Իրանի միջուկային զենքի առկայությունը սպառնալիք չի ստեղծի ԱՄՆ-ի գոյության համար, բայց կարող է սպառնալիքներ ստեղծել Մերձավոր Արևելքում ամերիկացի գործընկերների համար, ինչպես նաև դրդել տարածաշրջանի մյուս երկրներին մասնակցել սպառազինությունների մրցավազքին, ինչը կարող է բերել միջուկային պատերազմի:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել էր, որ միջուկային գործարքի կնքման հարցով Իրանի և եվրոպական երեք երկրների միջև խորհրդակցությունների նոր փուլը կկայանա հունվարի 13-ին:

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Երկու տարվա դադարից հետո Իրանի և եվրաեռյակի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացվեցին նոյեմբերի 29-ին Ժնևում: Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Տախտ-Ռավանչին։