«Ընդհանուր առմամբ, որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:
Ըստ Բաբայանի՝ հակառակորդը չի փոխվել, անփոփոխ է նաև նրա տեսլականը, նպատակներն ու ծրագրերը:
«Այո, Փաշինյան-Ալիև հանդիպումների ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումների թիվը քանակական առումով կտրուկ նվազել է: Բայց սա միայն մի մասն է: Վերլուծության համար և ավելի ճիշտ պատկերացում ստանալու համար պետք է այլ հարթություններ ևս դիտարկել: Այլ հարթություններում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը է՛լ ավելի է սաստկացրել իր ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանի 2018 թվականի զորավարժությունները եղել են աննախադեպ՝ զինտեխնիկայի և զորքի ներգրավվածության տեսակետից: 2019 թվականի դինամիկան գերազանցում է անգամ 2018 թվականինը: Բացի այդ, մոտ մեկ ու կես տասնյակ զորավարժություններ են ծրագրված միայն Թուրքիայի հետ:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ թիրախը Հայաստանն ու Արցախն են: Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը ռազմական ոլորտում շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել, քաղաքական դաշտում՝ ահաբեկչական:
0Comments