Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փաթեթին, քանի որ դեմ են նախագծով առաջարկվող եկամտահարկի համահարթեցմանը: «Համահարթեցման հարցում մենք դեմ ենք լինելու, որովհետև սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ»,- ասել է Ծառուկյանը ու խորհուրդ տվել իշխանություններին առաջնորդվել համաաշխարհային պրակտիկայով: «Գերմանիայում, օրինակ, 9000 եվրո աշխատավարձ ստացողներին չեն հարկում: Մենք էլ պիտի մտածենք` օրենք ընդունենք, որ մինչև 150 -200 հազար ստացողները չհարկվեն: Դրանից բարձր աշխատավարձ ստացողները, թող հարկվեն»,- ասել է նա և ավելացրել, թե շատ բարձր աշխատավարձ ստացողներից կարելի է 30-40 տոկոս հարկ գանձել, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում և եվրոպական որոշ երկրներում:
Ըստ Ծառուկյանի` եկամտահարկի համահարթեցումը 800 հոգու համար է արվում: Խոսքը նրանց մասին է, ովքեր 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ են ստանում, մինչդեռ 600 հազար մարդ ստանում է ցածր` մինչև 200 հազար դրամ աշխատավարձ. << 800 հոգու համար պիտի համահարթեցում արվի, մնացած 600.000-ի հաշվին>>,- ասել է Ծառուկյանը, ով նաև Հայաստանի ամենախոշոր սեփականատերն է, նաև հայտնի գործարար: Նախկինում Ծառուկյանը տարբեր առիթներով ասել է, որ ինքը Հարվարդ չի ավարտել, սակայն բազմաթիվ հարկերի տիրապետում է` ելնելով սեփական փորձից: Այս դեպքում սակայն, Ծառուկյանը շատ պարզ ու հասկանալի բացատրել է, որ կյանքի ու գործի համալսարաններն իրեն ավելին են տվել: Ի տարբերություն իշխանության մեջ գտնվող <<խելոքների>>, ովքեր եկամտահարկի համահարթեցումը ներկայացնում են իբրև լիբերալիզմի, սոցիալական արդարության և հավասարության դրսևորում, Ծառուկյանը խնդիրը շատ հստակ է ձևակերպել` չի կարելի լուծել 800 հոգու խնդիր` 600 հազարի հաշվին:
30 տոկոս աղքատ բնակչություն ունեցող պետությունն առաջին հերթին պարտավոր է խրախուսել աղքատ խավի եկամուտների աճը: Իսկ շատ քիչ տոկոս կազմող բարձր եկամուտ ունեցողներին էլ ավելի ապահով դարձնելու հարցը աղքատության հաղթահարման ռազմավարական ճանապարհ չէ: Բարձր աշխատավարձի խրախուսումը, որով փորձ է արվում պայմանավորել համահարթեցման ռեֆորմը, արդարացված չէ հենց միայն այն պատճառով, որ աշխարհի շատ ավելի բարեկեցիկ ու զարգացած երկրներ խուսափում են գնալ նման քայլի: Ստացվում է, որ ժողովրդի, հիմնականում աղքատ ժողովրդի պայքարի միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը որոշել է իջեցնել առանց այդ էլ բարձր եկամուտով աշխատողների հարկերը, մինչդեռ աղքատների համար հեղափոխական իշխանությունը դեռ ոչ մի նկատելի գործ չի արել: Իսկ ինչու կառավարությունը չի մտածում նվազագույն աշխատավարձ ստացողներին չհարկելու մասին: Սոցիալական պետություններում նվազեցվում է եկամտահարկի շեմը, ավելին` սոցիալական առանձին շերտերի, օրինակ, ուսուցիչների, երկու և ավելի երեխա ունեցողների համար եկամտահարկի զեղչ է կիրառվում:
Հայաստանում այսօր գործող եկամտահարկի 23-28 տոկոս շեմը գրեթե կրկնակի բարձր է ԵԱՏՄ անդամ երկրների եկամտային հարկի միասնական դրույքաչափերից: Բայց Հայաստանի իշխանությունը, չգիտես ինչու, այդ հարցին լուծում տալու փոխարեն, որոշել է առաջնային դիտարկել բարձր եկամուտներով անձանց իրավունքների պաշտպանությունը, գրում է hayeli.am:
0Comments