Ֆինանսների նախարարը կաշկանդված չէ վարչապետի որոշումով

Միջգերատեսչական գզվռտոց

Սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) տեղի ունեցող ստվերային պրոցեսները չեն խանգարել, որպեսզի այս ամիս ևս ծերերն իրենց կենսաթոշակը ժամանակին ստանան: Ավելին, եթե նախկինում պետական գանձարանից դուրս եկող կենսաթոշակները հասցեատիրոջը հասնում էին ամեն ամսվա 3-րդ աշխատանքային օրը, ապա մայիս ամսվա կենսաթոշակը ՍԱՊԾ-ն սկսեց բաշխել օր առաջ՝ հունիսի 4-ից:

Իսկ դա նշանակում է, որ ամեն ամսվա ընթացիկ տվյալների հավաքագրումը (ողջերի,  մահացածների, նոր նշանակված անձանց և արտագաղթածների մասին), ինչպես նաև այդ տվյալների նույնականացումն օպերատիվ կերպով  իրականացվել է անգամ տեղեկատվական ընդհանուր բազայի չսպասարկման պայմաններում:

Ասում են, ՍԱՊԾ-ի գերազանցիկ ղեկավարը, իր ակտիվ աշխատանքով ամեն կերպ փորձում է կառավարությունից թաքցնել իրենց ներքին կոնֆլիկտները, որոնք առնչվում են հենց ՍԱՊԾ-ի հիմնական գործառույթները համակարգող էլեկտրոնային թոշակի տեղեկատվական բազայի հետ:

Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր ՍԱՊԾ-ում գնումների գործընթացով սկիզբ առած «նոր բիզնես միջավայրի» և այդ միջավայրում փող աշխատելու ձգտումով կռիվ տվող  հեղափոխական պաշտոնյաների ներքին գզվռտոցներին: Տեղեկացրել էինք, որ 100.000-200.000 դրամով կասկածելի գործարք էր արվել, և ահա այդ գործարքով վտանգված է թվայնացված արխիվների բազայի աշխատանքը:

Իսկ դա նշանակում է, որ Վազգեն Խաչիկյանի դեմքով ասոցիացվող սոցապֆոնդը, որն արդեն   5-6 տարի գործում է ֆինանսական շեղումները բացառող էլեկտրոնային կենսաթոշակի տարբերակով, նորից վերադառնում է հին ու փնթի բարքերին, իսկ պատճառն այս բազան սպասարկելու՝ 50 մլն դրամանոց մրցույթը շահելու կռիվն է:

Կողմերից մեկը հենց ներսի պաշտոնյա է. վերջերս այս մութ պատմության մեջ ներքաշվել է նաև Ֆինանսների նախարարությունը: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ոլորտ եկած նոր տերերի միջոցով 50 մլն դրամանոց սպասարկումը վերցվել է արխիվները թվայնացրած հեղինակի՝ «Ալեքսանյան և որդիներ» ընկերության ձեռքից, և չնչին տարբերությամբ գործը հանձնվել է մեկին, ով դրա ո՛չ ռեսուրսն ուներ, և ո՛չ էլ գործի էության մասին պատկերացում: Եվ ուշագրավ է այն, որ դեռևս չճշտված տեղեկության համաձայն՝ «Ռեսեթ կոմպյուտերս սերվիս» ընկերության հետ գործարքը լեգալացվել է հենց ՍԱՊԾ պետի տեղակալի անմիջական ջանքերի շնորհիվ:

Արդյունքում՝ գործը տապալվեց, մրցույթում կասկածելի հիմքով շահած ընկերությունը ձախողեց առաջին իսկ ամիսը սպասարկելիս: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կառավարությունը միանգամից հետքայլ արեց, որպեսզի  մեկ անձից գնում իրականացնելու մեխանիզմով բազայի սպասարկումը կրկին վերադարձնի նախկինում համակարգն աշխատացրած մասնագետներին:

Բայց խնդիրը դարձյալ մնում է օդից կախված. հիմա էլ Ֆինանսների նախարարությունն է  անհարկի միջամտություններով գործին խանգարում: Մեկ ու կես ամիս է՝ արհեստական խոչընդոտներով նախարարությունը թույլ չի տալիս, որպեսզի մրցույթն ի վերջո անցկացվի: Կառավարության որոշումով հիմնավոր լուծում ստացած հարցը փաստացի այդպես էլ իրավական ուժ չի ստանում, Ֆինանսների նախարարությունը հանդգնել է ստորադասել վարչապետի որոշումը, և իր կամքն է թելադրում: Ֆինանսների նախարարությունը կասկածելի մղումներով հսկայական ջանք է թափում բազայի սպասարկումը հին տերերին չհանձնելու համար, ավելին՝ ձախողած շրջանում օգնության հասած նախկին թիմին սպառնացել են, թե՝ չեք վճարվելու 4 ամիսներին լրացուցիչ աշխատանքը կատարելու դիմաց:

Միջգերատեսչական գզվռտոցների արդյունքում համակարգի սպասարկումն այսօր մեծ հարցականի տակ է դրված, կասեցվել է բազայի ծրագրային ապահովումը: Ապրիլին համակարգը մի քանի օրով լուրջ ճեղք է տվել, զինհաշմանդամների թոշակը  5-6 օր ուշացումով է տեղ հասել:

Փաստացի բյուջեի հատուկ տողով իջեցված 50 մլն դրամը, 6 ամիս է՝ «քնել» է, բազան չի թարմացվում: Ֆինանսների նախարարությունը ձախողած սպասում է, չի կաշկանդվում վարչապետի որոշումով, օրենսդրության պահանջը հաշվի չի առնվում:

Ֆինանսների նախարարության չինովնիկները երևի չեն էլ գիտակցում, որ երկրի համար ռազմավարական նշանակության այս տեղեկատվական բազայի սպասարկման միայն մեկօրյա ընդհատումը կբերի առնվազն 100 թոշակառուների թոշակ չստանալուն: Տեղեկատվական շտեմարանում ամեն րոպե մի նոր թոշակառուի բազա ընդգրկվելը և մեկ ուրիշի մահվան դեպքով նրա թոշակի սպասարկման չդադարեցումը կհանգեցնի  լուրջ շեղումների և պետական բյուջեի փոշիացմանը:

Մնում է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այս համակարգը կանգ առնի անժամկետ, իսկ դրա վտանգն արդեն իսկ առկա է: Եվ եթե 539.600 շահառուներից բազմամարդ զանգված թոշակը չստանա, պարզ է, թե ինչ տեղի կունենա:

Թվում է՝ այս վտանգը պիտի առաջինը կառավարությունը կանխատեսեր և հրատապ քայլեր ձեռնարկեր համակարգի խափանումը կանխելու և սոցիալական բունտից խուսափելու համար, մինչդեռ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը նույնիսկ տեղեկացված չէ խնդրին, չգիտես՝ ինչու,  այս հարցում «հանցավոր լռություն»  է պահպանում նաև ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանը: