Մի ապավինեք միայն համացանցին

Մանրամասներ

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական եւ վրացական հավաքածոների ղեկավար Լեւոն Ավդոյանի պատվին Վաշինգոտնում կայացավ վերջինիս նվիրված երեկո: Դոկտոր Ավդոյանը շուրջ 40 տարի ղեկավարել է հայկական եւ վրացական հավաքածոների բաժինը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

Հայոց պատմությունը կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ տարածաշրջանի ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար, ասում է պատմաբան Լեւոն Ավդոյանը, ով մոտ 40 տարի տնօրինել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական եւ վրացական հավաքածուները: Նրա գիտահետազոտական գործունեության, իրականացրած ծրագրերի ու դասախոսությունների շնորհիվ հայ մշակույթն ու պատմությունը իր ուրույն տեղն է զբաղեցրել աշխարհի ամենախոշոր գրադարանում:

«Նրա գործունեության շնորհիվ բազմաթիվ մարդիկ հնարավորություն են ստացել ծանոթանալու հին ժամանակների պատմամշակութային եզակի նյութերի»,- ասում է երիտասարդ գիտնական Նոռա Լեսերսոնը:

Օրերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր Լեւոն Ավդոյանի գործունեությանը նվիրված երեկո, ուր հավաքված նրա մտերիմ բարեկամներն ու գործընկերներն ընդգծում էին Ավդոյանի ժառանգության կարեւորությունը հայագիտության ոլորտում: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանի խոսքերով անհնար է թերագնահատել այն ներդրումը, որ ունեցել է Ավդոյանը այս պաշտոնում:

Նրա անմիջական ջանքերի շնորհիվ Կոնգրեսի գրադարանն այսօր ունի հայկական եւ վրացական պատմության եւ մշակույթի հարուստ հավաքածու: Տասնյակ հազարավոր սկզբնաղբյուրներ, պատմական նյութեր եւ փաստաթղթեր: Այս ամենն Ավդոյանի անձնուրաց գիտական աշխատանքի արգասիքն է:

«Նա հարստացրեց Կոնգրեսի գրադարանը հայկական աղբյուրների ուշագրավ հավաքածուով՝ հավաքելով բազմաթիվ ձեռագրեր ու գրքեր ԱՄՆ-ի գլխավոր այս գրադարանում: Եվ սա այն գրադարանն է, որտեղ պահվում է ամեն մի հրապարակված նյութ: Ավդոյանը հայ մշակույթն ու պատմությունը դարձրեց Կոնգրեսի գրադարանի մաս»,- ընդգծում է Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

«Դոկտոր Ավդոյանը մեր ազգային հարստությունն է: Նա ներկայացրել է հայ մշակույթն ու պատմությունը բազմաթիվ մարդկանց թե՛ կառավարությունում եւ թե՛ փորձագիտական եւ ակադեմիական շրջանակներին: Նա իրական հարստություն է մեր համայնքի համար»,- նշում է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնն իր հերթին ընդգծեց, որ Ավդոյանի միջոցով ճանաչել է Հայաստանն ու հայ մշակույթը: Դեսպանը անգնահատելի է որակում Ավդոյանի ներդրումն այս ասպարեզում եւ մեծ կորուստ որակում նրա աշխատանքի դադարեցումը Կոնգրեսի գրադարանում

«Ես հանդիպեցի Լեւոնին այն ժամանակ, երբ անկեղծ ասած քիչ գիտեի Հայաստանի պատմության, քաղաքակրթության, մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած դերի մասին: Նա բացեց իմ աչքերը, սակայն ավելի կարեւոր է՝ իմ սիրտն ու միտքը»,- ասում է դեսպան Լեմոնը:

Երկար տարիներ Կոնգրեսի գրադարանում աշխատելուց հետո ինքը Ավդոյանը վստահ է՝ ժամանակն է, որ նոր մարդիկ փոխարինեն նրան այս պաշտոնում:

«Ես պատասխանատու էի հայկական եւ վրացական հավաքածոների համար 1992 թվականից, իսկ ոչ պաշտոնապես հայկական հավաքածուի համար՝ 1983 թվականից: Դա բավականին երկար ժամանակ է մի մարդու համար, ով ձեւավորում է այս հավաքածուների փիլիսոփայությունը: Այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ, նոր գաղափարներ ու դեմքեր»,- նշեց Ավդոյանը:

Կոնգրեսի գրադարանից իր հեռացումը սակայն չի ազդի նրա գիտահետազոտական աշխատանքի վրա: Ավդոյանը վստահեցնում է՝ հայոց պատմությունը շատ հարուստ է եւ պետք է հիմնվի գիտական շարունակական հետազոտությունների վրա, որոնց վերաբերյալ կան բազմաթիվ խորը ուսումնասիրության չենթարկված նյութեր։

«Հետազոտությունները շարունակվում են: Կան բազմաթիվ նյութեր գիտական ուսումնասիրության համար»,- նշում է նա

Որպես պատմաբան եւ գիտնական նա խորհուրդ է տալիս երիտասարդ գիտնականների սերունդներին մշտապես օգտվել գրադարանային աղբյուրներից:

«Մենք ունենք Կոնգրեսի գրադարանն ու այլ հաստատություններ: Հույս ունեմ գիտնականները կշարունակեն օգտվել այստեղ եղած նյութերից: Մի ապավինեք միայն համացանցին»,- եզրափակում է դոկտոր Ավդոյանը: