Ռուսաստանը սկսել է «Սու-30ՍՄ» ինքնաթիռների մատակարարումը Բելառուսին

Ավիատեխնիկայի մատակարարումն իրականացվելու է պայմանագրի կետերի խիստ պահպանմամբ՝ այն բանից հետո, երբ բելոռւսական կողմից կստացվեն կանխավճարները

Բելառուսի պաշտպանության նախարարության պատվերով ռուսական «Սու-30ՍՄ» ինքնաթիռների հավաքումն արդեն սկսվել է, սակայն քանի դեռ բելառուսական կողմը չի կատարել պայմանագրով նախատեսված կանխավճարի փոխանցումը, ինքնաթիռները չեն հանձնվի պատվիրատուին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գործակալությունից։

«Ավիատեխնիկայի մատակարարումն իրականացվելու է պայմանագրի կետերի խիստ պահպանմամբ՝ այն բանից հետո, երբ բելոռւսական կողմից կստացվեն կանխավճարները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այս ինքնաթիռներից Ռուսաստանին պատվիրել է նաև Հայաստանը։ Առաջին փուլում՝ մինչև հաջորդ տարվա սկիզբ, Հայաստանը մտադիր է ստանալ այս ինքնաթիռների 4 միավորանոց խումբ։ Իսկ հետագայում դրանց քանակը կարող է ավելացվել։

Այս ինքնաթիռները բազմանպատակային են՝ կարող են օդում պայքարել իրենց նմանների դեմ, իսկ նրանց հանդեպ գերակայության հասնելու դեպքում կարող են օդից կրակով օժանդակել ցամաքում մարտ վարող ստորաբաժանումներին։ Ինքնաթիռի մեկ միավորի գինը մոտ 20 մլն դոլար է։