Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն. միջին հաշվով դա համադրելի է նախորդ երեք տարիների ցուցանիշներին, որոշ դեպքերում բարձր, որոշ դեպքերում ցածր: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, 6,5 տոկոս տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը 2 տոկոսով, որը համեմատաբար ցածր է վերջին երեք տարիների միջին ցուցանիշներից. «Դա բացատրվում է երկու գործոնով. Նախ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում անկում ենք ունեցել 20 տոկոսով, որն ունի երկու պատճառ. առաջինը, մետաղների միջազգային գները ավելի ցածր են, քան 2018-ի առաջին եռամսյակում են եղել: Պղնձի եւ ալյումինի գները նվազել են 12-15 տոկոսով: Այդ անկման ֆոնին լավ լուրն այն է, որ արագ է աճել մշակող արդյունաբերությունը: Առնվազն 7,5-8 տոկոսով աճ ունենք այդտեղ, ինչը նշանակում է, որ այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքի վրա, աճում են լավ տեմպերով»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ ծառայությունների ոլորտն առաջին եռամսյակում աճել են 17,3 տոկոսով, ինչը բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ. «Այստեղ երկու հատված աճում է բավական լավ տեմպերով՝ ֆինանսական ծառայությունները եւ զբոսաշրջության հետ կապված ծառայությունները: Ներքին առւետրաշրջանառությունը 10 տոկոսից ավելի աճ է գրանցել, ինչը համադրելի է նախորդ տարիներին: Շինարարության աճը կազմել է 10,8 տոկոս, արտահանումը կրճատվել է 8,6 տոկոսով, իսկ ներմուծումը կրճատվել է 3,2 տոկոսով»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
0Comments