Նոբելյան մրցանակի գումարային չափն այս տարի կկազմի 9 մլն շվեդական կրոն կամ 949 հազար 400 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոբելյան հիմնադրամի մամուլի ծառայությանը:
«Այսօր Նոբելյան հիմնադրամի վարչությունը հաստատել է 2019թ. մրցանակի գումարային չափը, այն կկազմի 9 մլն շվեդական կրոն յուրաքանչյուր անվանակարգում»,- նշված է հաղորդագրությունում:
2019թ. Նոբելյան շաբաթը Ստոկհոլմում կբացվի հոկտեմբերի 7-ին` ֆիզիոլոգիայի ու բժշկության ասպարեզում հաղթողների անունների հրապարակմամբ: Հոկտեմբերի 8-ին կհայտարարվի ֆիզիկայի ասպարեզում հաղթողի, հոկտեմբերի 9-ին` քիմիայի, հոկտեմբերի 10-ին` գրականության ասպարեզում 2018 և 2019թթ. հաղթողների անունները: Հոկտեմբերի 11-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության մրցանակի դափնեկրի անունը, իսկ հոկտեմբերի 14-ին` Շվեդիայի պետական բանկի կողմից հանձնվող Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակի հաղթողի անունը` էկոնոմիկայի ասպարեզում:
0Comments