Հայաստանում իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ է հայտարարվել, որ վերջ է տրվել մենաշնորհներին, շուկան այլևս ազատ է։ Փետրվարի սկզբներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով, և հայտնվել 19-րդ հորիզոնականում:
«Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում:
Նշված ցուցանիշը կարևորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»,- գրել էր վարչապետը:
Նախորդ իշխանությունների օրոք Հայաստանի կարկառուն մենաշնորհատերերից մեկը համարվում էր բոլորին քաջ հայտնի Սամվել Ալեքսանյանը։
168.am-ը նրան պատկանող ընկերությունների օրինակով փորձեց դիտարկել շուկայում փոփոխությունները։ Պատկերը զարմանալի էր՝ Ալեքսանյանը գրեթե չի զիջել դիրքերը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան ստացված վիճակագրությունը փաստում է, որ, եթե մի շուկայում նրա մասնաբաժինը նվազել է, ապա մյուսում ավելացել է։
Այսպես. շաքարավազի շուկայում 2017 թ. գործել է 85 տնտեսվարող, և Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերության մասնաբաժինը կազմել է 97 %, 2018 թ. այս շուկայի խաղացողների թիվը կրճատվել է 10-ով, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը դարձել է 92 %։ Շուկայի կենտրոնացվածությունը, կարելի է ասել, նվազել է, սակայն խիստ աննշան չափով, և Ալեքսանյանը շարունակում է կրել «շաքարի արքա» «պատվավոր» տիտղոսը։
Ցորենի շուկայում տնտեսվարողների թիվը 2017 և 2018 թվականներին նույնն է եղել՝ 84, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինն ավելացել է՝ 49 %-ից դառնալով 53%։
Բուսական յուղի շուկայում նշված ժամանակահատվածում մասնակիցների թիվն ավելացել է՝ 77 տնտեսվարողների փոխարեն՝ գործել է 91-ը, «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը 27%-ից դարձել է 22%։
Բրնձի շուկայում 2017-ի 58-ի փոխարեն՝ 2018 թ. գործունեություն է ծավալել 69 ընկերություն, և «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը 21%-ից նվազել է 17%։
Կարագի շուկայում տնտեսվարողների թիվը չի փոփոխվել՝ 44 ընկերություն, սակայն «Ալեքս Հոլդինգի» հետ միաժամանակ՝ 2018-ին կարագ է սկսել ներմուծել Ս.Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս երկուսի մասնաբաժինը շուկայում 2017-ի 56%-ի փոխարեն՝ 2018-ին դարձել է 46%։
Ի դեպ, «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն բոլորովին նոր է, հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի վերջին։
Կարելի է արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանի կյանքում «տնտեսական հեղափոխություն» դեռևս չի եղել։
0Comments