Փաստաբանական ծառայությունները 20 տոկոսով կթանկանան՝ ԱԱՀ-ով հարկվելու դեպքում. ՓՊ նախագահ

Որպես հետեւանք, կրուկ կավելանա հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը պետությանը կկանգնեցնի նոր ծախսերի առաջ

Փաստաբաններին ԱԱՀ-ով հարկելու դեպքում, 20 տոկոսով թանկանալու են փաստաբանական ծառայությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների եւ հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել:

Նախագծի հիշյալ փոփոխությունն անընդունելի է հետեւյալ երեք տեսակետից՝

1. ԴԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ - Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Փաստաբաններին ԱԱՀ-ով հարկելու դեպքում, 20 տոկոսով թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը բնականաբար կարող է սահմանափակել քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (հետեւաբար դատական իրավունքի մատչելիությունը):

Որպես հետեւանք, կրուկ կավելանա հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը պետությանը կկանգնեցնի նոր ծախսերի առաջ:

2. ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ - Շրջանառության հարկի ռեժիմը, որով գործում են փաստաբանների մոտ 95 տոկոսը, պարզեցված է բոլոր առումներով:

ԱԱՀ ռեժիմի դեպքում, փաստաբանները ստիպված են լինելու հատուկ մասնագետների ծառայություններից օգտվել, ժամանակ ծախսել բարդ հաշվապահական ձեւակերպումների վրա եւ հայտնվել հարկային մարմնի առավել խիստ վերահսկողության ներքո, ինչը վերջին իրադարձությունների ֆոնի վրա, կարող է ազդել փաստաբանի անկախության վրա:

3. ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԹԱՆԿԱՑՈՒՄ- Աուդիտորական գործունեության հետ փաստաբանական գործունեության համեմատումը տեղին չէ, քանի որ աուդիտորական կազմակերպությունների հաճախորդները միայն տնտեսավարող սուբյեկտներն են, որոց մեծ մասը կարող է ծառայության համար վճարած ԱԱՀ գումարը հետագայում հաշվանցել («ստանալ փոխհատուցում»), մինչդեռ փաստաբանների վստահորդների մոտ 90 տոկոսը ֆիզիկական անձինք են, որոնք իրենց վճարած ԱԱՀ գումարը չեն կարողանալու հետագայում հաշվանցել կամ փոխհատուցում ստանալ: Արդյունքում, քաղաքացիները թանկ են վճարելու:

Այս հարցով փաստաբանները վճռական են տրամադրված:

Ցավոք, տպավորությունն արդեն համոզմունք է դառնում, որ կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար: