2004 թվականին Մատաղիսի զորամասում սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի գործը այդ ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի պատճառով է մնում չբացահայտված։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Բազմաթիվ կեղծիքներ են եղել այդ գործով։ Հովսեփ Մկրտումյանի հայրն ու մայրն իրենց որդուն առողջ ուղարկել են բանակ, սպանված հետ են ստացել։ Գործն այս պահին կասեցված է»,–ասաց նա։
Փոստանջյանը պնդեց՝ իշխանությունները հայտարարում են, որ պետք է զինծառայողների սպանության աղմկահարույց գործերը բացահայտվեն, մինչդեռ ոչ մի գործուն քայլ այդ ուղղությամբ չենք տեսնում. «Եթե ուզում ենք հեղափոխություն, պետք է սկսել դատաիրավական համակարգից։ Այս պահին ունեք ՀՔԾ նոր պետ, որը նախորդ իշխանությանը չի ներկայացնում, ունենք Քննչական կոմիտեի նախագահ, որը փոխարինեց Աղվան Գառնիկովիչին, ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը անմիջապես ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար եթե կա քաղաքական կամք, նրանք պետք է լծված լինեին բացահայտման գործին, մինչդեռ նման բան մենք չենք տեսնում»։
Սպանված զինծառայողի հայրը՝ Մովսես Մկրտումյանը վստահ է՝ ձերբակալված եւ հետո արդարացված երեք զինծառայողները անմեղ են եղել եւ պետք է բացահայտել իրական հանցագործին. «Գագիկ Ջհանգիրյանը, իր անձնակազմից Արմեն Հակոբյանի, Սամվել Տոնոյանի եւ Վովա Գասպարյանի առաջնորդությամբ այդ գործը կեղծեցին ու փակեցին։ Սկզբի 4 ամիսներին գործը ճիշտ ուղղությամբ գնացել է։ Վկաներին գիժ հանեցին ու կեղծեցին»։
Հովսեփ Մկրտումյանի հայրը պնդում է՝ գործի քննությունը կեղծվել է այն բանից հետո, երբ որպես քննիչ գործին ներգրավվել է Արմեն Հակոբյանը։
«Ես համոզված եմ, եթե լինի նորմալ քննություն, ապա պարոն Ջհանգիրյանին պետք է ներգրավվել որպես մեղադրյալ»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը:
2004 թվականին Մատաղիս զորամասում մահացել է երկու զինծառայող, սակայն գործը մինչեւ այսօր բացահայտված չէ եւ մեղավորները հայտնի չեն: Այս գործում երեք զինծառայողներ մեղադրվել եւ դատապարտվել էին ցմահ ազատազրկման, սակայն հետագայում Վճռաբեկ դատարանը բեկանել էր դատավճիռը եւ դատարանի կողմից արդարացվել են:
0Comments