Արարատի մարզի Բուրաստան վարչական բնակավայրում մարդատար գնացքի և ավտոմեքենայի բախումի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 2 քույրերից մեկը գիտակցության է եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանը։
«Առավոտյան խոսել էի երեխաներին վիրահատած բժշկի հետ, ասել էր, որ աղջիկներից փոքրի մոտ դրական դինամիկա է նկատվում։ Քիչ առաջ էլ երեխաների հորեղբայրը զանգահարեց, ուրախ լուրը հայտնեց․ ասաց՝ երեխաներից փոքրը կոմայից դուրս է եկել, անգամ հորաքրոջը ճանաչել է»,- ասաց Գևորգ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 19։32-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել էր մարդատար գնացքին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի 4 ուղևորներից 2-ը (ընտանիքի հայրն ու մայրը) տեղում մահացել էին, իսկ նրանց անչափահաս աղջիկները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
0Comments