Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի հրդեհի ժամանակ տատ ու թոռ են նետվել պատուհանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հրդեհից տուժած բնակիչներից Սամվել Մարգարյանը:

«Հրդեհի ժամանակ ես տանը չեմ եղել, զինվորական եմ, թույլատրությունով եկել եմ, հասել ընտանիքիս: Տանը եղել են հայրս, մայրս, կինս ու շունս, փասռք Աստծո ընտանիքիս անդամները կարողացել են դուրս գալ: Էդ պահին որ հասել եմ, հրդեհը դեռ էս հատված չէր հասել, կարողացել ենք անհրաժեշտ հագուստ, փաստաթղթերը դուրս բերել ու էլ ոչինչ չենք հասցրել: Էդ ժամանակ մարդիկ արդեն կիսամերկ, բոբիկ դուրս են եկել: Ես իմացա, որ այն կողմից մի մասը պատուհանից են փորձել դուրս գալ, երկու հոգի՝ տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից, տատիկը ծայրահեղ ծանր վիճակում է, թոռնիկի վիճակը լավ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հրդեհի բռնկման վարկածներին, նա նշեց, որ ամենայն հավանականությամբ էլեկտրականության  խնդիր է եղել: 

Նա նշեց, որ նման դեպքեր տարիների ընթացքում էլի են տեղի ունեցել, հիմա էլ ծրագիր կա, որ փայտե շենքերի բնակիչներին պետք է տեղափոխեն նոր կառուցված  շենք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Նրանք տեղավորվել են հյուրանոցում, որոշ մասն էլ բարեկամների տներում:
 Հրդեհի հետեւանքով կա 1 զոհ, 8 վիրավոր: