ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացել է ապահովել բարձր ցուցանիշներ. ՔՊ պատգամավոր

Մանրամասներ
քպ

 

2025 թվականի հունվարի 2-ին լրանում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 10 տարին և ուզում եմ նշել, որ առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաև միջազգային մեր գործընկերների գնահատմամբ բավականին բարձր է: Այս տարիների ընթացքում բազմաթիվ խնդրահարույց համաշխարհային իրավիճակներ են եղել և նաև ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որը մենք ունենք։

ԵԱՏՄ անդամակցությունը նպաստեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր որակի ապահովմանը և միգրանտների ներհոսքին, որը թե քանակապես, թե որակապես նոր իրավիճակ բերեց Հայաստան։ Իհարկե նաև պետք է արձանագրենք, որ որոշ ընթացք հետո նրանց զգալի մասը Հայաստանից հեռացավ: Եթե թվային սանդղակով նայենք, նվազում ենք ունեցել»,- հայտարարեց նա:

Հակոբյանի խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարևորագույն օղակներից է. «Վերջին համաձայնագրերը, որ մենք ստորագրում ենք, օրինակ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը շատ մեծ և կարևոր համաձայնագիր է ԵԱՏՄ ամբողջ շուկայի համար: Հայաստանի դերը այստեղ շատ է կարևորվում, որովհետև մենք ունենք միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ անդամ երկրներից»,- ընդգծեց նա: