Ես, ինչպես ցանկացած հայ, տարակուսած է ՌԴ նախագահի մեկնաբանություններից, որովհետև հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիային, այլ ՀՀ նկատմամբ, ՀՀ ինքնիշխան ու միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիաներին:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ օրերս ՌԴ նախագահը, խոսելով ՀԱՊԿ-ի և Հայաստանի մասին, նշել էր, որ տարօրինակ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը գնար և Արցախում կռվեր Հայաստանի կողմից և անուղղակի ակնարկել էր, թե ինչու Արցախի անկախությունը չի ճանաչվել, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ճանաչել Արցախը:
Մամիջանյանը նշեց, որ հարցի 2-րդ մասի հետ կապված 2 փաստարկ կա: Նրա խոսքով՝ 1-ին պատճառը, որ ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը հնչեցվել է բազմիցս, որովհետև անկախության ճանաչումը ենթադրում է բանակցային գործընթացի ավարտ, հետևաբար, ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսում:
«Մենք բազմիցս նշել էինք, որ ցանկացած վատ բանակցություն լավ է, քան պատերազմը: Կա նաև երկրորդ դրվագ. 2008 թվականի ՄԱԿ-ի ասամբլեայում ընդունվել է բացարձակ կեղծ հակահայկական պրոադրբեջանական մի բանաձև, և երբ հերթական անգամ համանախագահ երկրների ղեկավարները Հայաստանին հորդորում էին որևէ դեպքում չճանաչել Արցախի անկախությունը, որ չտորպեդահարվի բանակցային գործընթացը, ՀՀ-ն 2-րդ պայմանն առաջ քաշեց, որ եթե նորից ՄԱԿ-ում ընդունվի կեղծ պրոադրբեջանական բանաձև, ապա դա հանդիսանալու է պատճառ, որ ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այդ պայմանի առաջ քաշելուց ի վեր ՄԱԿ-ում երբևէ հակահայկական բանաձև չի ընդունվել: «Իսկ 2016-ին ՀՀ-ում ԵԱՀԿ անդամ երկների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը զգուշացրել էր՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն 7 օր, ապա ՀՀ-ն ճանաչելու է Արցախի անկախությունը:
Պատերազմական գործողությունները դադարեցվեցին 4-րդ օրն՝ Ադրբեջանի խնդրանքով: Ես հարց հնչեցնեմ՝ երբ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ լայնամասշտաբ պատերազմը արդեն գնում էր, ինչից խուսափում էիր, էլ խուսափելու բան չունեիր, ինչո՞ւ չճանաչեց: Լավ կլինի ինքը պատասխանի, թե ինչու չի գնացել այդ քայլին»,- ասաց նա:
0Comments