Բա ռուսները չե՞ն գա մեր երեսին թքեն, եթե դու այդ Անկախության հռչակագրից հրաժարվում ես

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

2018 թվականի տեղի ունեցածի նպատակը եղել է Հայաստանի ազգային նկարագրի վերացումը, նրա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը, այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր էլ Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է անատամ Հայաստան, որը չունենա ո՛չ բանակ, ո՛չ ազգային ինստիտուտներ, ո՛չ հեղինակություններ և լինի պանթուրքիզմի ֆուռերի համար պռախոդնոյ դվոր»,- նշեց Շարմազանովը՝ ընդգծելով՝ այս իշխանությունը, որը ոտքից գլուխ պրոթուրքական է և հակահայկական, դա իրականացնում է։

Որպես վերը նշվածի ապացույց՝ Շարմազանովը բերեց օրինակ․ «Պառլամենտի՝ թիվ մեկ քաղաքական ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Անկախության հռչակագրը չպետության մասին հռչակագիր է։

ՀՀ հիմքն այդ Անկախության հռչակագիրն է, էն դրույթներն են, որոնք դրված են դրա մեջ: Դա արյունով և քրտինքով ստեղծված հռչակագիր է․․․ Պետությունն այդ անկախության հռչակագրի կոնսենսուսով ընդունված կետերի մասին է: Բա ռուսները չե՞ն գա մեր երեսին թքեն, եթե դու այդ Անկախության հռչակագրից հրաժարվում ես, որտեղ գրված է՝ Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության մասի և Ռուսաստանն այն երկրներից է, որը 1995-ին Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևում, որը Պետդուման ընդունել է, նշված է՝ «Արևմտյան Հայաստան» եզրույթը»,- մանրամասնեց Շարմազանովը:

ՀՀԿ-ական գործիչը կարծիք հայտնեց, որ այս իշխանությունն իրականացնում է նատօաթուրքական քաղաքականություն, որի նպատակը ՌԴ դիրքերի թուլացումն է մեր տարածաշրջանում:

Շարմազանովը ընդգծեց․ «Մենք ՀՀ քաղաքացիներս պետք է ֆիքսենք՝ որո՞նք են մեր ժողովրդի և պետության, մեր անկախության և ինքնիշխանության սպառնալիքները, դրանք երեքն են՝ Թուրքիան, Ադրբեջանը և Նիկոլիզմը, որոնք երեքով տանգո են պարում՝ Փաշինյանը, Էրդողանը, Ալիևը, որը հանգեցնելու է Հայաստանի վիլայեթացմանը»։