Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Իր ֆեյսբուքյան էջի ֆոնը Արագածի նկարով փոխելը, հացի ու կացի վերաբերյալ գրությունը, իր նախընտրական քայլերն են, որոնք մարդկանց համոզելու են, որ բոլորը մեղավոր էին, ես՝ ոչ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Փաշինյանն իր օրակարգն է ստեղծում, ներքաշում է նաև հանրությանը այդ օրակարգի մեջ, իսկ ընդդիմության կողմից այլընտրանքային օրակարգ չկա, Էլինար Վարդանյանն ասաց. «Ես որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, ընդդիմադիր պատգամավոր տեսնում եմ, որ մենք անընդհատ գնում ենք իր օրակարգի հետևից։ Ինքը քաղաքական լավ հոտառություն ունեցող գործիչ է և շատ արագ հասկանում է, թե ինչ պետք է գցել քաղաքական դաշտ, որպեսզի բոլորը խոսեն դրա մասին և դա դառնա բոլորի օրակարգը։ Մենք սովորաբար դառնում ենք իր կատարած գործողությունների կամ իր որոշումներից հետո քննարկող կամ արդեն իսկ կատարված որոշումներին արձագանքող և հակադարձող։
Ամենալուրջ քայլը կլիներ, եթե ընդդիմությունը գոնե մեկ հարցի շուրջ այս պահին կոնսոլիդացվեր և դա դարձներ օրակարգային։ Այո, Արցախի հարցը ընդդիմությանը կոնսոլիդացնող եղավ նախորդ տարիների ընթացքում: Այս պահին պետք է գտնել օրակարգային հարց և դա դարձնել կոնսոլիդացնող օրակարգ, որպեսզի մենք չգնանք Նիկոլ Փաշինյանի որոշումների հետևից»:
Նա համոզմունք հայտնեց, որ մինչ ընտրությունները գնալը Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն գնով հասնել մի փաստաթղթի, որի վրա գրած կլինի «խաղաղության պայմանագիր», այսինքն ինքը կունենա մի փաստաթուղթ, որով կասի՝ «Սիրելի ժողովուրդ, ես լուծել եմ ձեր անվտանգային հարցերը։ Տեսեք, մենք ունենք խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնագիր»:
«Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ դա երբևէ երաշխիք չի կարող լինի, բայց ինքը այդ թուղթը թափահարելով գնալու է ժողովրդի դուռը, ասելու է. «Ես ձեզ բերել եմ խաղաղություն, հիմա ժամանակն է լուծել արդարության, սոցիալական անարդարության խնդիրները, ընդհանրապես արդարադատության խնդիրները: Ասելու է՝ հիմա եկել է Արագածի շուրջ մեր երկիրը կառուցելու ժամանակը»,- հայտարարեց Էլինար Վարդանյանը:
0Comments