«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. ցանկացած քայլ ու գործողություն` անգամ սխալ, նախընտրելի է անգործությունից: Դա է պատճառը, որ երկրի ղեկավարի պաշտոնում իր անելիքը չիմացող, մեր պետության մանևրի ամպլիտուդը զրոյի հասցրած Փաշինյանը երբեմն ծիծաղելի, անհեթեթ, անընդունելի, առաջին հայացքից` իրեն վնասող քայլեր է անում: Մի օր հեծանիվ է վարում, մյուս օրը հողաթափերը հագին լուսանկարվում է` Կրեմլի ֆոնին, երրորդ օրը՝ մորուքն է սափրում, չորրորդ օրը կադրային «արմագեդոն» է անում կամ Ալիևի կողքը նստած` ականջին բան փսփսում, հետո` ԱԺ ամբիոնից սրբապիղծ հայտարարություններ է անում, Տիկտոկում տեսանյութեր տեղադրում, ցնցուղը պոկում` տալիս նախարարի ձեռքը, իր մեղքով զոհվածների գերեզմաններին է չոքում` իբր անչափ ցավում է...
Բայց անընդհատ շարժման մեջ է` կարևոր չէ, թե հանրային որ շերտը որ քայլին ինչպես կվերաբերվի, ինչքան կքլնգի ու կհայհոյի: Կարևորը պրոցեսն է, ընթացքը, որովհետև մարդիկ հոգնել են պասիվ, ոչինչ չանող, իրենց ստվերից վախեցած, ուրիշի քայլերը շարունակ քննադատող գործիչներից: Նրանք գործողություն են ուզում, քայլեր, շարժում, գործընթաց: Որովհետև շարժվող` պայքարող, քայլեր անող, անհանգիստ մարդիկ են ինչ-որ բան փոխում և հաջողությունների հասնում:
Ճահիճը ճահիճ է` վտանգավոր ու կործանարար: Իսկ մեր ընդդիմությունը ոչ միայն քայլ չի անում, զբաղված է քայլ անողներին քննադատելով` այս մեկը սխալ բառ ասաց, մյուսը սխալ քայլ արեց, երրորդը` սխալ մարդու հետ հանդիպեց, չորրորդը ծրագիր չունի, հինգերորդը կապված է նախկինների ու ներկաների հետ: Քայլ անողներն էլ իրենց հերթին են սարսափում այս արձագանքներից` ոչինչ չանենք, որ ոչինչ չասեն: Եվ «հաղթում է» Նիկոլը»:
0Comments