Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
««44-օրյա պատերազմից հետո չորս տարի ամեն օր քնել ու արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով, հարցեր կան, որ տվել եմ հազարավոր անգամ: Սափրվելու պահին ես ինքս ինձ այլեւս հարցեր չունեմ, ինքս իմ բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ», հայտարարեց Նիկոլ Փաշինյանը իր գրեթե մեկուկես ժամ տեւած հարցազրույցի վերջում:
Ինչպես ասում են՝ «վերնագիրը վերջում»: Մեկուկես ժամ խոսակցություն, որպեսզի վերջում միայն ասվի այդ ամբողջ հարցազրույցի գլխավոր մոտիվը՝ «ինքս ինձ հարցեր այլևս չունեմ»:
Ըստ էության, իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ՝ մեկուկես ժամ: Նա հարցեր էր տալիս իր այսպես ասած թիմակիցներին, իր քաղաքական կամ կուսակցական թիմին: Այո, նա մեկուկես ժամ խոսում էր այն մասին, որ հարցեր ունի իր թիմին, և դա ասում էր զանազան ձեւակերպումներով:
Հարցազրույցի բուն ազդակը, ըստ իս, որը նոր է, այսինքն արդեն արտահայտած մտքերի կրկնություն չէ, հետևյալն էր՝ «ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, հիմա հարցեր ունեմ թիմին»:
Թիմն իհարկե,, ինչպես միշտ՝ կտարածի հարցազրույցի հղումներն ինքնամոռաց: Բայց, ի՞նչ է ասում Փաշինյանը՝ չորս տարի ես չեմ քնել գիշերները, հիմա «ձեր չքնելու» ժամանակն է, սպասեք «սմս»-ներին:
Սա նշանակում է երկու բան: Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ անձնապես ինքը ստացել է իրեն հուզող գլխավոր հարցի պատասխանը՝ «անվտանգության երաշխիք», և հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ինքը պետք է տեսնի իր «գլխի ճարը», կամ Փաշինյանը պարզապես սկսում է արդեն «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն», և այս համատեքստում կուզեի ուշադրություն արժանացնել, որ այստեղ դարձյալ «մեկնակետի» դիրքում է հայտնվում Գյումրին:
Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա:
Այնպես որ, երբ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե՝ երբ ես հեծանիվ եմ քշում, դուք ձեր համար քնած եք, դա միայն առերեույթ էր հասցեագրում խորհրդարանական ընդդիմությանը, իսկ բուն իմաստով նրա այդ ակնարկը ուղղված էր խորհրդարանական մեծամասնությանը: Հիմա իսկապես բարդ կլինի քնելը, իհարկե նրանց համար, ովքեր ի վիճակի են պատկերացնել քաղաքականության նրբերանգները:
0Comments