Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին իսկ շաբաթվա ընթացքում կչեղարկի Ջո Բայդենի հրամանագրերը: Այս մասին հայտարարել է հանրապետական նախագահի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը «Fox News»-ին տված հարցազրույցում:
«Կչեղարկվեն բոլոր գործադիր հրամանները, որոնք ստորագրել են Ջո Բայդենը և Քամալա Հարիսը՝ Թրամփի առաջին վարչակազմի արդյունավետ քաղաքական ուղուց հեռանալու նպատակով»,- հայտնել է Լիվիտը:
Խոսքը վերաբերում է Սպիտակ տան գործող ղեկավարի ստորագրած 94 փաստաթղթերի։ Այդ հրամանագրերը, Լիվիտի խոսքով, հանգեցրել են միգրացիոն և տնտեսական ճգնաժամի։
Նա հավելել է, որ Թրամփն իր աշխատանքի առաջին օրերին տասնյակ նոր հրամանագրեր կստորագրի:
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ է 270–ը։
Նշենք, որ ԱՄՆ–ում 344 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 244 միլիոնը։
0Comments