Լիբանանի հարավում իսրայելական հարձակման հետևանքով լրատվամիջոցների երեք աշխատակիցներ են զոհվել

Մանրամասներ
լիբանան

Հարավային Լիբանանի Հասբայայի հյուրատներում բնակվող առնվազն երեք մարդ է սպանվել ուրբաթ գիշեր Իսրայելի օդային հարձակման հետևանքով, հայտնել են Լիբանանի առողջապահության նախարարությունից և տեղական լրատվամիջոցները:

Ըստ  «Ամերիկայի ձայն»-ի՝ մի քանի մարդ էլ վիրավորվել է։

Զոհվել են իրանամետ Al-Mayadeen գործակալության օպերատոր Ղասան Նաջարը և ինժեներ Մուհամեդ Ռեդան, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ին պատկանող Al-Manar հեռուստաալիքում աշխատող օպերատոր Վիսամ Քասեմը:

Ըստ Reuters-ի՝ ուրբաթը եղել է լրատվամիջոցների աշխատակիցների շրջանում ամենաշատ զոհեր ունեցող օրը՝ իսրայելական զինվորականների և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի միջև ընթացող մարտերի մեկ տարվա ընթացքում:

Իսրայելը դեռևս չի մեկնաբանել միջադեպը, սակայն, ընդհանուր առմամբ, հերքում է լրագրողներին միտումնավոր թիրախավորումը: