Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի իրականացումը:
Հաշվի առնելով վերոնշյալ վերապատրաստման դրական արդյունքները՝ Աննա Վարդապետյանն ու Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերն ազդարարել են նոր դասընթացի մեկնարկի մասին, որին մասնակցելու են ՀՀ-ում գործող բոլոր դատախազները և որն ուղղված է լինելու դատական նիստերի դահլիճում հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտությունների կատարելագործմանը: Շուրջ 400 դատախազի համար նախատեսված դասընթացը կմեկնարկի 2024 թվականի նոյեմբերին և կավարտվի 2025 թվականի ապրիլին:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը վերահաստատել են մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը:
0Comments