ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում: Ժաննա Անդրեասյանը նշել է` բարեփոխումների գործընթացում համապատասխան օրենսդրության առկայությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, քանի որ այն ինստիտուցիոնալ գործիքակազմ է հաղորդում այդ աշխատանքներին։
«Այս օրենքի շուրջ աշխատանքը նոր չէ․ նախորդող ժամանակահատվածում ունեցել ենք Ազգային ժողովի կողմից դրա մի տարբերակի ընդունում։ Օրենքի՝ բուհերի կառավարմանն առնչվող երկու դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, ինչով պայմանավորված այն ուժի մեջ չի մտել։ Իհարկե, կարելի էր այդ դրույթների շուրջ աշխատել, սակայն մենք գնացինք այլ ճանապարհով։ Օրենքն ամբողջովին վերանայվել է՝ հաշվի առնելով, որ 2022 թվականին ընդունված Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախանշվել են ռազմավարական զարգացման ուղղությունները, սահմանվել է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, ինչպես նաև մեծ ծավալի աշխատանք է տարվել «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի և ծրագրի իրականացման շուրջ»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ընթացքում կառուցվածքային փոփոխության, այն է՝ ԿԳՄՍՆ համապատասխան վարչության, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորման արդյունքում ստեղծվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որը միասնական քաղաքականության ապահովման և այդ ինստիտուցիոնալ գործիքակազմը ներդնելու քայլերից մեկն էր։
«Իրականում օրենքի նախագիծը չէր կարող այդ երկու դրույթի փոփոխությամբ նորից շրջանառվել, որովհետև այս ինստիտուցիոնալ փոփոխությունները և ռազմավարական մոտեցումները պահանջում էին վերադառնալ հայեցակարգային տրամաբանությանը։ Հետևաբար, բազմաթիվ հարցեր վերանայվել են, և օրենքի նախագիծն այժմ շատ ավելի ամբողջական է»,–նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ քննարկում։
Օրենքի նախագիծը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ անդրադառնալով փաստաթղթով առաջարկվող հիմնական փոփոխություններին:
Նրա խոսքով՝ նախագծով նախ հստակեցվել են բարձրագույն կրթության որակին ներկայացվող պահանջները․ կգործի լիցենզավորման և հավատարմագրման մեկ միասնական կառույց ամրագրելով լիցենզավորման և հավատարմագրման նոր պայմաններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Միաժամանակ, բուհերը կարող են հավատարմագրվել նաև համապատասխան որակավորում ունեցող արտերկրի կազմակերպությունների կողմից, սակայն վերջիններիս համար սահմանվել են ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համապատասխան չափանիշներ:
«Այսինքն՝ ավելի բարձր նշաձող է սահմանվել՝ բուհերի որակավորման ստանդարտները համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»,-նշել է Սարգիս Հայոցյանը: Ըստ նրա՝ հստակեցվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը. այն դարձել է ավելի բազմազան՝ դուրս գալով նպաստային տրամաբանությունից և զուգորդվելով առաջադիմության հետ.
«Կփոխվեն նաև պետական աջակցության ձևերը՝ ուսման վարձի փոխհատուցում, խրախուսում, կեցության ծախսերի ապահովում և այլն»:
Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ: Ներկայիս ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին՝ ընդգրկվելով բարձրագույն կրթության համակարգում՝ որպես որակավորման երրորդ աստիճան (PhD)։
Հստակեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի դերը. սահմանվել են գիտության ոլորտում հեղինակավոր անձանց միավորելու և պետական քաղաքականությանը գիտական աջակցություն տրամադրելու ակադեմիայի գործառույթները. «Ակադեմիային վերապահվելու են փորձագիտական գործառույթներ՝ գնահատելու գիտական կազմակերպությունների հաշվետվությունները, իսկ գործառույթների վարչական մասը դուրս է գալու»:
Նախագծով դրույթներ են նախատեսվել ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ: Սահմանվել է, որ ուսանողն ունենում է իր անհատական թվանշանին տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով նա կառավարում է իր կրթական գործընթացը և բացի պարտադիր առարկայացանկից՝ ունենում է անհատական կրթական պլանի կազմման հնարավորություն: Գնահատման համակարգը համապատասխանեցվել է Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի չափանիշներին՝ ապահովելու արդյունավետ շարժունություն բուհերի և երկրների միջև:
Անդրադառնալով բուհերի ակադեմիական կազմին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ կարգավորումներ են սահմանվել մտավոր սեփականության իրացման և պատկանելիության մասով, այդ թվում, թե ինչ համամասնությամբ են դասախոսն ու բուհը տնօրինելու դրանից ստացված եկամուտը: «Սա ևս մեկ գործիք է՝ գիտությունը ծառայեցնելու երկրի տնտեսական զարգացմանը»,-շեշտել է ԲԿԳ նախագահը:
Սահմանվել են նաև բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման ձևերը, այն է՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների նպատակով, և մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով: «Ուսանողների կրթաթոշակին տրվող աջակցությանը զուգահեռ՝ հանրային բուհերը կստանան նաև կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում, որի հաշվին կսահմանվի դասախոսի բազային աշխատավարձը, իսկ դրա վրա արդեն կավելանան մտավոր սեփականության իրավունքից, դրամաշնորհներից և այլ աղբյուրներից ստացված եկամուտները: Սա արվել է, որպեսզի բուհերը կախված չլինեն ուսման վարձից և կենտրոնանան միայն տրամադրվող որակյալ ծառայությունների վրա»,-ընդգծել է ԲԿԳ նախագահը:
0Comments