Ինչու են հայուհիներն ամուսնանում օտարերկրացիների հետ․ Լավագույն կյանքի ձգտո՞ւմ, թե՞ պարզապես սեր

Մանրամասներ
հարսանիք

Ամուսնություն օտարերկրացու հետ. լավագույն կյանքի ձգտո՞ւմ, թե՞ պարզապես սեր։

Վերջին տարիներին հայուհիներն ավելի շատ նախընտրում են արտասահմանցի արքայազններին, քան տեղացի մաչոներին։ Բնականաբար, չի կարելի ասել, որ այդ համատարած բնույթ է կրում, ամեն դեպքում՝ այդպիսի ամուսնությունները քիչ չեն։ Դրա հետ մեկտեղ, կարծրատիպը, թե այդպիսի ամուսնությունը միայն շահադիտական նկատառումներով է ու լավագույն կյանքով ապրելու ցանկություն, միշտ չէ, որ արդարացված է։

Մեր հերոսուհիներն իրենց սիրեցյալներին տարբեր իրավիճակներում են հանդիպել։ Մեկը՝ նպատակաուղղված որոնումների արդյունքում, մեկը՝ աշխատանքի բերումով։ Կան նաեւ ռոմանտիկ պատմություններ…

35-ամյա Լիլիթը հիշում է Պատրիցիոյի հետ հանդիպման օրը։ Կարծես երեկ էր, թեեւ արդեն 10 տարի է անցել։

«Իմ ուսերին արդեն մեկ չստացված ամուսնություն կար։ Գարուն էր։ Աղջկաս հետ զբոսնում էինք, երբ մեզ մոտեցավ պատկառելի տեսքով, կնոջ ուղեկցությամբ մի տղամարդ եւ սկսեց հուզված ինչ-որ բան ասել։ Պարզվեց՝ այդ կինը թարգմանչուհին էր եւ ամաչելով ինձ սկսեց բացատրել, որ Պատրիցիոն այնքան է ոգեւորվել, որ ինձ համոզում է ծանոթացնել ձեզ հետ։

Այդ ժամանակ ես իտալերեն չգիտեի, սակայն անգլերենին տիրապետում էի։ Պատրիցիոն այդ լեզվով վատ էր խոսում, սակայն, ինչպես պարզվեց, միմյանց հասկանալու համար բավական էր նույնիսկ հայացքներով փոխանակվելը»,- պատմում է Լիլիթը, ով այժմ երկու քաղաքում է ապրում՝ Ռիմինի ու Երեւանում։

«Նա ինձ ապշեցրեց կնոջ հանդեպ զարմանալիորեն հարգալից վերաբերմունքով։ Մեր հայ տղամարդկանց հազիվ թե կարելի է ջենտլմեն անվանել։ Այո, նրանք առատաձեռն են, գեղեցիկ սիրահետում են, բայց հարգանք չունեն կնոջ նկատմամբ։ Նրանք իշխանության կոպիտ բռնակալություն են նախընտրում։ Խոսքը, իհարկե, բոլորի մասին չէ, բայց ճնշող մեծամասնությունն այդպես է»,- նշում է նա։

«Մենք Ջոնի հետ երբեք չենք վիճում։ Նրա հետ պարզապես հնարավոր չէ վիճել»,- ասում է 25-ամյա Արմենուհին, ով ամերիկացի երիտասարդի հետ է ամուսնացել։

«5 տարվա ամուսնության ընթացքում նա ոչ մի անգամ ձայնը չի բարձրացրել, նույնիսկ եթե ինչ-որ բան նրան դուր չի եկել։ Նա բոլորովին այլ կերպ է հարաբերությունները կառուցում։ Դեպքեր են եղել, երբ թվացել է, որ սկանդալն անխուսափելի է, սակայն նրան այնպես է հաջողվում շտկել իրավիճակը, որ ամեն բան իր տեղն է ընկնում։ Դրա հետ մեկտեղ, նա ենթարկվող չէ, ով տեղի է տալիս կնոջ բոլոր քմահաճույքներին։ Նա պարզապես ուրիշ է։ Նրանից երբեք չես լսի, օրինակ, «Լռի՛ր, կին» արտահայտությունը, սակայն հավատացեք, տղամարդկությունը դրա մեջ չէ»։

Նշենք, որ բոլոր կանայք, ում հետ ինձ հաջողվել է զրուցել, առանձնացնում են օտարերկրացիների վերաբերմունքը կանանց հանդեպ։ Դրա հետ մեկտեղ, նկատվում էր, որ սեռերի հավասարության եւ ֆեմինիզմի մտքերից մինչեւ կոկորդը կշտացած եվրոպացիներին հայուհիների մեջ գրավում է նրանց կանացիությունը, տնտեսուհի լինելը։ Մի խոսքով, նրանց պետք է օջախի պահապան՝ ջերմ, քնքուշ, հոգատար, սակայն, ի տարբերություն հայ որոշ տղամարդկանց, նրանք այդ բարձր են գնահատում։

Ամեն դեպքում, այս պատմություններն ապացուցում են, որ սիրո հակված են բոլոր ազգերը եւ կրոնական, քաղաքական հայացքների, ինչպես նաեւ ավանդույթների ու մտածելակերպի տարբերությունը չի կարող խանգարող հանգամանք լինել։