Հայաստանի բանակին պատրաստում են ցույց ցրելուն. ԱՄՆ-ից պաշտոնյան այդ նպատակով է գալիս. Նահապետյան․ Տեսանյութ

Մանրամասներ
իրավիճակ

Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ՝ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին՝ կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ նշելով, որ ԱՄՆ բանակի ներկայացուցիչը կտա քաղաքացիական խորհրդատվություն և կֆինանսավորվի ոչ թե ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի, այլ Պետքարտուղարության կողմից։

«Խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։ Խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»,- հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, խոսելով ԱՄՆ-ի այս որոշման մասին, նշեց՝ ԱՄՆ-ը Հայաստանում աշխատանքի է ուղարկում մեկին, որը կառավարելու է Հայաստանի Զինված ուժերը։

 «Այս աշխատակցին հաշվետու են լինելու Հայաստանի Պաշտպանության նախարարն ու Գլխավոր Շտաբի պետը։ Եթե տվյալ աշխատակցի հաստիքի ձևավորման մեջ գրված է «քաղաքացիական» բառը, դա դեռ չի նշանակում, որ նա չի իրականացնելու հետախուզական աշխատանք։ Օրինակ՝ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդներին ևս կցված է «քաղաքացիական» բառը, բայց նրանք բոլորը հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են»,- ասաց Նահապետյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամերիկացի պաշտոնյան Հայաստանի բանակում աշխատելու դիմաց աշխատավարձ է ստանալու ԱՄՆ Պետքարտուղարությունից։

«Եթե լիներ ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, նրան կֆինանսավորեր Պենտագոնը, եթե լիներ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչ, ապա կֆինանսավորվեր այդ կառույցից։ Ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարությունից, իսկ Պետքարտուղարությունը մի կառույց է, որն իրականացնում է ԱՄՆ-ի կողմից գրավված պետությունների շահագործումով և կառավարումով»,– ասաց Նահապետյանը՝ շեշտելով, որ արդյունքում մենք ունենալու ենք առճակատումներ ՀԱՊԿ-ի հետ, թեև խորքում ոչ թե Հայաստանի Զինված ուժերի կարողությունների բարձրացում ենք ունենալու, այլ Զինված ուժերին Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ օգտագործելու համար։

«Լրջագույն խնդիրներ են առաջանալու. Ռուսաստանը հասկանում է, թե այս նշանակման իմաստը որն է։ Ի դեպ, ակնհայտ է, որ այս քաղաքացիական ծառայողն ԱՄՆ-ից համակարգելու է Հայաստանում Զինված ուժերի ներգրավումը փողոցներում ցույց ցրելու գործընթացին։ Հայաստանում անցկացվող այս զորավարժության ժամանակ ընդգրկված զինվորները՝ խաղաղապահ բրիգադից, սովորելու են՝ ինչպես ցրել ցույցեր և ներգրավվել քաղաքացիական գործընթացներին։ Փաշինյանին ֆիզիկական լավ կարողություններով ամուր մի քանի հարյուր հոգի են պետք, որոնք հատուկ միջոցներով զինված լինելով, կունենան մոտիվացիա՝ ցույցեր ցրելու։ Սա, ի դեպ, Փաշինյանի որոշումը չէ, սա ԱՄՆ-ի որոշումն է, որովհետև Փաշինյանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին լուրջ զիջումներ է անելու Ալիևին, որը Հայաստանի քաղաքացիների մոտ կտրուկ դժգոհություն կառաջացնի»,- ասաց Նահապետյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.