Ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից

Մանրամասներ
շտապօգնության մեքենա

Այսօր՝ հուլիսի 7-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:35-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված տանը հայտնաբերել են 54-ամյա Կարեն Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կ. Խաչատրյանը իրեն պատկանող «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատրճանակը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով, կրակոց է արձակվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Բերետտա» ատրճանակը, որը Կ. Խաչատրյանը գնել էր օրեր առաջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Կ. Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության համակարգում, համարվել է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ «կադրավիկ», բարձր են գնահատվել նրա մարդկային հատկանիշներն ու աշխատանքային գործունեությունը իրավապահ համակարգում, նրա հայրն էլ՝ Սուրեն Խաչատրյանը, երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Վարդենիսի Ներքին գործերի բաժնի պետ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։